Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները երեկ ստացել են իրենց աշխատավարձերը և տեսել, որ պահումներ են արվել, ինչից էլ սկսվել է աշխատակիցների բողոքը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«Այսօր թատրոնի անձնակազմով ժողով են արել և բացատրել են, որ այդ գումարները պահվել են թատրոնում, ոչ մի տեղ չի տրվել և, եթե ՍԴ-ն որոշի որ պարտադիր չէ՝ ետ կվերադարձվի», - նշեց նա, հավելելով, որ եթե պահումներ չարվեին միանգամից երեք ամսվա գումարը պետք է պահվեր:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ է ազդվել երեկվա դեպքերից և նշեց, որ իր վրա որևէ ճնշում չի գործադրվել երեկվա դեպքերից ելնելով:

Նա նշեց, որ ներկայացումը տեղափոխվելու է փետրվարի 23-ին և հույս հայտնեց, որ ներկայացումն այդ ժամանակ չի տապալվի:

«Դա արտիստին վայել պահվածք չէր: Դրանից չպետք է տուժեր հանդիսատեսը: Նրանք պետք է խաղային», - նշեց նա, հավելելով, որ փետրվարի 23-ի ներկայացմանը նրանք կարող են ներկայանալ նույն տոմսերով:

Նշենք, որ այսօր թատրոնի աշխատողները նշել էին, թե դժգոհում են նաև աշխատավարձի ցածր լինելուց: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Կամո Հովհաննիսյանը նշեց, որ բոլորի աշխատավարձերը քսան տոկոսով բարձրացվել են և բարձր աշխատավարձերը նրանք կստանան փետրվարին:

Հիշեցնենք, որ երեկ թատրոնի դերասանները դուրս չէին եկել ներկայացման՝ բողոքելով Կուտակային կենսաթոշակային համակարգի և ցածր աշխատավարձերի դեմ: