Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես: ՀՅԴ խմբակցության ղեկավարի Արմեն Ռուստամյանն այսպես սկսեց ԵԿՄ համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մեկնաբանությունը:

«Նախագահը զգաց, որ բարկանում է, ասեց, որ չի բարկանում, այլ ուզում է դա հասցնել ժողովրդին, սակայն նա բարկանում էր և դա ճիշտ չէր: Արդեն խնդիր կա, որ նա բարկանում է», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, համագումարում օրենքի խախտում կա, քանի որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և այն չպետք է խառնվի քաղաքական հարցերի, ինչն էլ արվեց այդ ժամանակ:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ընկերական միջավայր էր և զրույց, նա նշեց, թե ընկերական հավաքն այդքան մեծ չի լինում, լրագրողներ չեն հրավիրվում:

«Այստեղ նախագահին են վատ դրության մեջ դնում, քանի որ նախագահը չէր կարող տեղեկացված լինել այդքան հարցերի մասին: Նշանակում է նա հավատում է իր խորհրդատուներին, իսկ իրենց մենք տեսնում ենք ԱԺ-ում, նրանք գալիս այստեղ ձախողվում են, չեն կարողանում մեր հարցերին պատասխանեն», - նշեց նա, հավելելով, որ նախագահը նախ պետք է լսի երկու կողմին էլ և պետք է դատավորի դեր ստանձնի: