Այսօր կառավարության հերթական նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին անդրադառնալ այն խնդրին, որով իրեն երեկ դիմել էին լրագրողները:

Հարցը վերաբերում էր վերջին օրերին «Արարատ ցեմենտի» հետ շրջանառվող լուրերին: Արամ Հարությունյանը պարզաբանեց, որ վերջին օրերին մամուլում եղել են մի շարք անհիմն մեկնաբանություններ:

«Ըստ էության Արարատյան դաշտավայրում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ միջոցառումներ, և այդ մասին բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք կատարել ու ներկայացրել այն ծրագրիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում օրենսդրական և մնացած բոլոր առումներով»,-ասաց նա:

Ըստ վերջինիս՝ այն խնդիրը որ բարձրացվել է Արարատ ցեմենտի հետ, չի համապատսխանում իրականությանը:

«Բնականաբար ես պետք է հայտարարեմ, որ համաձայն Արարատ ցեմենտ գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալել: Ոռոգման սեզոնը չի սկսել ու մենք թեստային անջատում ենք կատարել ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար արդյունքում ու հայտնաբերել ենք մի շարք անօրինակ ջրօգտագործողներ ու ձկնաբուծական տնտեսություններ», - պարզաբանեց նա: