Կալուգայի հայ համայնքը երկար ժամանակ է, ինչ փորձում է լուծել հայ առաքելական եկեղեցի ունենալու խնդիրը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, փետրվարի 28-ին Կալուգայում տեղի է ունեցել հայ համայնքի ակտիվ նիստը, որին մասնակցում էր նաև Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կողմից Կալուգայի համայնքի հոգևոր հովիվ օծված Տեր Հակոբը:

Եկեղեցու ծխական օրենքներին համապատասխան գումարվեց ժողով ու ստեղծվեց 10 անդամներից բաղկացած ծխական խորհուրդ, որոնց ստորագրությամբ էլ նիստի որոշումն առաջիկայում կներկայացնեն տեղական իշխանություններին՝ եկեղեցու համար տեղ ու շինարարության թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Եկեղեցուն կից ծխական խորհրդի ատենապետ ընտրվեց տեղի գործարար Ռուբեն Գալստայնը:

Նիստը մեկնարկեց տերունական աղոթքով, ինչին հետևեց Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված աղոթքն ու լռության րոպեն:

Ծխական Խորհրդի անդամներն իրենց խոսքում կարևորեոլվ հայ եկեղեցու դերը՝ ազգի պահպանման և միավորման հարցում, հույս հայտնեցին, որ հետագայում եկեղեցուն կից կլինեն նաև հայկական կիրակնօրյա դպրոց, խմբակներ, հայկական գրադարան:

Եկեղեցու շինարարության համար անհրաժեշտ գումարն ակնկալվում է ստանալ տեղի հայ գործարարներից և հայկական համայնքից:

Հ.Գ.Մինչ դրսում հայ համայնքը փորձում է օտարից թույլտվություն խնդրել՝ հավատքի տուն կառուցելու, հայկական մշակույթը պահպանելու համար, այստեղ՝ հայրենիքում. փորձում են փչացնել հազարամյակներից եկող պատմամշակութային Գառնու ամրոցը:

Արմինե Ավետիսյան

Կալուգա