ՀԱԿ-ը ԱԺ-ում արդեն երկու անգամ հանդես է եկել Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հիմա արդեն ԱԺ ոչ իշխանական ուժերը երրորդ անգամ են առաջարկում ստեղծել այդ ժամանակավոր հանձնաժողովը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Վերջինս հանրահավքի մասնակիցներին հայտնեց երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

«Զգալիորեն թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները՝ առավել մեծացնելով ժողովրդի թշվառ վիճակը: Իշխանությունները հայտարարեցին սուբսիդավորման մասին, սակայն սա խաբկանք է, քանի որ սուբսիդավորումը կատարվելու է, ոչ թե իրենց գրպանների հաշվին, այլ ժողովրդի գրպանից: Ժողովրդից վերցնում ու սուբսիդավորում են»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կշարունակվի:

«Ընդդիմության կողմից բացահայտվեց 300 մլրդ պարտքի հասնող խայտառակ պարտքը կամ պետական հանցագործությունը: Այդ պարտքը փակելու համար Ռուսաստանին զիջեցինք Հայռուսգազարդը և կնքեցինք մի ստրկական պայմանագիր, որի նմանը չի եղել Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր»,-ասաց ՀՀ առաջին նախագահն ու հավելեց, որ երբ «Որոտանի» կասկադն առանց մրցույթ հայտարարելու ցածր գնով վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների, դա նշանակում է, որ Հայաստանը կորցրեց վերջին հանգույցը, որը կարելի է կոչել դարի հանցագործություն:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի իշխանութունները մեկ օրում պատրաստակամություն հայտնեցին անդամակցել Մաքսային միությանը:
«Ընդամենն ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ էին, իսկ հիմա ռուսամետ: Նրանք հիմա իրենց լավ են զգում, երբ ռուսական պաշտոնյաները զարմանում են նրանց արագ աշխատանքով, ինչպես նախկինում շոյվում էին արևմտյան գործիչների խոսքերից: Սա հարցի զուտ բարոյական կողմն է: Փաստորեն ՄՄ է մտնում ձայնազրուկ հպատակի կարգավիճակով»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանն ու հավելոց, որ ամենամտահոգիչ խնդիրների շարքում է շարունակում մնալ չդադարող և ավելի արագացող արտագաղթը: