ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ը շարունակում է պայքարել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում բացօթյա սրճարան կառուցելու նախաձեռնության համար:

Այսօր այս թեմայի շրջանակներում ասուլիսի պետք է ներկայանար Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, ով պետք է լրագրողներին ներկայացներ ապօրինի շինարարության մանրամասները: Սակայն համայնքի ղեկավարը չներկայացավ ասուլիսի, քանի որ վերջինս հայտնել էր, որ երեկ հանդիպել է մարզպետի հետ և իրեն հայտնել են, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք չի կարող օգտագործել այդ տարածքը և նրանց պատասխանը գոհացրել է իրեն և որոշել է չներկայանալ ասուլիսին:

YerevanNews.am-ը փորձեց կապ հաստատել Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ՝ մանրամասները ճշտելու համար, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Թեմայի հետ կապված կապ հաստատեցինք նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, ով մեզ հայտնեց, որ Գառնիի գյուղապետը մարզպետարան չի եկել և իր հետ չի զրուցել:

Մարզպետը հայտնեց նաև, որ այդ հարցը մարզպետարանում չի քննարկվել և ինքն այդ խնդրի հետ կապված ոչինչ մեզ չի կարող ասել:

«Դիմեք համայնքի ղեկավարին, որովհետև մարզպետարանում այդ հարցը չի քննարկվել, ես այս պահին չեմ կարող ասել, ով է ճիշտ, ով է սխալ »,-YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Հարցին, թե մարզպետը ի՞նչ լիազորություններ ունի խնդիրը կարգավորելու համար, Կովալենկո Շահգալդյանն ասաց .

«Մարզպետը լիազորություններ ունի վարչական հսկողության սահմաններում, բայց մենք այս պահին Գառնի համայնքում վարչական հսկողություն չենք իրականացնում: Եթե մենք ՊՈԱԿ-ից ստանաք համապատասխան նամակ, որում իրենց դժգոհությունը կհայտնեն համայնքի ղեկավարի արածի կամ չարածի համար՝ իհարկե կուսումնասիրենք, մենք դեռևս այդպիսի նամակ չենք ստացել, լիազորություններից դուրս չենք կարող գալ»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի մարզպետը հեթանոսական տաճարում բացօթյա սրճարան կառուցելու ծրագրի մասին, Կովալենկո Շահգալդյանն ասաց.

«Եթե ես իրականությունից տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է նախատեսվում, եթե այդ խնդիրը քննարկվի, մենք նախագիծը պետք է պահանջենք, ամբողջական ինֆորմացիա ունենալու պարագայում՝ ես ձեզ սպառիչ պատասխան կտամ»:

Նշենք, որ այսօր Newsbook.am կայքը գրել էր մի հոդված, որի մեջ նշվում էր, թե այս հարցին խառնված են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ըստ հոդվածի՝ հենց նրանք են քավոր դարձել այս ապօրինաշինությանը, որի դեմ, պարզվում է, Հասմիկ Պողոսյանն էլ անզոր է:

«Նայած նրանց երևակայության աստիճանը ինչքան է, դա բամբասանքների ոլորտից է, որը մեկնաբանելու կարիք չի զգում»,-այսպես արձագանքեց Կովալենկո Շահգալդյանը տվյալ հոդվածին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ պատրաստվում են բացօթյա սրճարան կառուցել: