ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին տեղեկատվությունը:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ ՎՊ-ին արգելվում է ինչպես իրենց զեկույցներում, այնպես էլ առանձին ելույթներում ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատականներ տալ: Հակառակ դեպքում սա խնդիրներ է առաջացնում հենց ՎՊ-ի դերի հետ կապված:

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշպան Զաքարյանի ներկայացրած նախորդ զեկույցը բավական բուռն քննարկումների առիթ էր դարձել: