Արդեն հայտնել էինք, որ կառավարության այսօրվա որոշմամբ Վերահսկիչ պալատին արգելվում է այսուհետ ինչպես իրենց զեկույցներում, այնպես էլ առանձին ելույթներում, քաղաքական, իրավական գնահատականներ տալ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, ՎՊ-ին պետք է ազատել նման պարտականությունից, քանի որ աշխարհում չկա այդիսի երևույթ, որ ինչ-որ մարմին կատեգորիկ գնահատական տա, ու դրա հետևանքը չլինի:

«Այսինքն, գնահատական տվողը և իրավական հետևանք առաջացնողը պետք է լինի նույն մարմինը: ՎՊ-ի գլխավոր խնդիրն այդ խախտումներն արձանագրելն է և ի լուր բոլորի ներկայացնելը: ՎՊ-ն օժտված չի այն մասնագիտական ունակություններով, որ գնահատական տա»,-իր խոսքում ասաց Հրայր Թովմասյանը:

Վերջինս հայտնեց, որ հաջորդ փոփոխությունն էլ այն է, որ պետք է լինի ավելի մեծ հրապարակայնություն և պետք է նաև հնարավորություն տրվի լսել նաև այն կողմին, որ այս դեպքում հանդիսացել է վերահսկողության օբյեկտ:

«Հակառակ պարագայում ստացվում է խաղ՝ մեկ դարպասին և երկու զեկույց, իրականում դրանք շատ քիչ են ամբողջական պատկերացում կազմելու համար: Ես կարծում եմ, որ այս փոփոխությունները կնպասետն, որ և հրապարակայնությունը մեծանա և ՎՊ-ն կատարի իր գլխավոր առաքելությունը՝ վեր հանի իր կողմից արձանագրած փաստերը»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունները պայմանավորված են ՀՀ նախագահի հայտարարությամբ, Հրայր Թովմասյանն ասաց.

«Պայմանավորված է նրանով, որ մենք այդ ոլորտում ունեինք խնդիրներ, դրանք սրվեցին, որից հետո եղավ վարչապետի հանձանարարություն՝ աշխատել»: