Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ «բանդայի» գործով ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանին կյանքին վտանգ է սպառնում:

Ամբաստանյալի հայրը՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրի Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գառնեցիները պատրաստվում են ցույց կազմակերպել ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի համար:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ամբաստանյալի հայրը իրենց հայտնել է, որ այլ ելք չունեն:

«Սպանում են, բա ի՞նչ անենք։ Մարդիկ տեսել են՝ ինչ վիճակում ա Արտյուշան։ Ասում են՝ 100 կիլոանոց մարդը միանգամից էդքան նիհարե՞ց։ Փակելու են Գառնի-Գեղարդ ճանապարհը», թերթի հետ զրույցում ասել էր Սուրիկ Հակոբյանը։

YerevanNews.am-ի հետ զրույցում ամբաստանյալի հայրը նշեց, որ որդին մեկ ամսում 12 կգ նիհարել է, նրա մոտ հայտնաբերել են թունավոր զոբ:

«Մեկ ամիս դատը հետաձգել էին, էս անգամ, որ բերել էին, չգիտեմ ինչ են արել, ասում են իբր զոբ, մեկ ամիս առաջ ոչ մի հիվանդություն չուներ, չգիտեմ ինչ պատահեց մի ամսում ու ոնց առաջացավ էդ զոբը»,-ասաց Սուրիկ Հակոբյանը:

Վերջինս հայտնեց, որ ցույցի համար մի քանի օր կսպասեն, ակնկալում են, որ դատարանը կփոխի խափանման միջոցը:

Արտյուշա Հակոբյանի քույրը՝ Անահիտ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքն այլևս չի կարողանում եղբորը տեսնել հյուծված և գունատված վիճակում:

«Ես էլ ուզում եմ հացադուլ հայտարարեմ, էլ չգիտեմ ինչ անեմ: Էն առողջ տղուց, էլ բան չի մնացել: Առողջական վիճակը գնալով վատանում է»,-ասաց Անահիտ Հակոբյանը: