ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն անդրադառնալով երեկվանից ԲՀԿ-ի կողմից հնչող արձագանքներին, ԱԺ ամբիոնից հայտնեց, որ դրանք արդեն անցնում են վիրավորանքի սահմանագիծը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆինանսների նախարարը նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին` ասել էր. «Ուզում եմ անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այն գնահատականին, որ որոշակի ագահ անձ տարեկան 6-8 մլն դոլար կամ եվրո շահույթ է ստանում՝ ի շնորհիվ այն խաղի կանոնների, որ գործում են: Երբ այդ միտքը հնչեցվում էր, ես մտածում էի՝ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսք գնում: Այդպիսի չափանիշներին բավարարող միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող միայն մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև շնորհիվ նրա, որ նաև ձեր ֆրակցիան միահամուռ կերպով քվեարկել է, որպեսզի ամբողջ, չակերտներում, փոքր բիզնեսը փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:

Այս հայտարարությունից հետո մի շարք ԲՀԿ-ականներ սկսեցին արձագանքել նախարարին, մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ հորդորեց «մնալ չափի մեջ»:

«Հարգելիներս, ճիշտ և ճշմարտությունը միշտ էլ դառն է, ընտելացեք դրան և ձեր արձագանքը ինչ երեկ ասվել է, ապացուցում է, որ ճիշտ է, ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ»,- իր խոսքում ասաց Դավիթ Սարգսյանը: