ՍԴ-ում շարունակվում է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականության ճանաչման քննությունը:

ՍԴ խորհրդական Կիմ Բալայանը դիմելով Հակոբ Հակոբյնաին, ասաց, որ վերջինս այսօր որպես պատասխանող կողմ հանդես չեկավ։ Ըստ Բալայանի՝ Հակոբյանը ՍԴ-ն շփոթեց ԱԺ-ի հետ։

Իր հարցերը ՀՀԿ-ական պատգամավորին ուղղեց նաև ՍԴ անդամ, Ֆելիքս Թոխյանը:

«Մեր մարդկանց համար կարողա մի քանի հազար դրամը հացի փողա, ամոթ ինձ, որ ես նոր իմացա, որ նվազագույնից էլա հելնում: Դուք հաշվել եք, քանի՞ մարդա մահանում մինչև թոշակի հասնելը, ու՞ր են գնում այդ փողերը, նա չի ստանում այդ փողերը», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, 260.000 մարդկանցից, որոնց նախատեսել էին իշխանությունները, մասնակցել են 1600 մարդ:

«Կարելի է ասել, որ կամավոր կուտակայինը չի աշխատել: Կարո՞ղ եմ այդպես ասել:
- Այո,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը, որին Թոխյանն արձագանքեց «Վայ»- ով և շարունակեց:

«Ելույթները, որ լսեք կտեսնեք սկզբից չորով միայն ասում էիք այլընտրանք չկա, դա է, հետո քիչ-քիչ սկսեցիք քննարկել, իսկ ԱԺ նախագահը տեքստով ասեց, որ օրենսդրությունը թերի է, կարող ենք փոփոխել: Ինչու՞ չեք գտել տարբերակներ և բերել եք այստեղ», - նշեց նա:

Ի պատասխան ԱԺ  պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց. 

«ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը հայտարարել են՝ պատրաստ են քննարկել և փոխզիջման գնալ, դա այսօր խնդիր չի:  Մենք մեր երկիրը պետք է զարգացնենք մեր ազգաբնակչության խնայողության հիման վրա, մենք պետք է դողանք մեր խնայողության վրա, այո, կան թերությունններ, համակարգը շատ բարդ է, դեռ կլինեն փոփոխություններ»: 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր հերթին արձագանքելով ասաց, որ երբ ինքը ուսումնասիրություն է անցկացրել այլ պետություններում՝ հասկանալու համար, թե ինչ նման համակարգ է գործում և պարզել է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից նշված պետություններում՝ Լատվիայում և Լիտվայում գործող համակարգը ոչ մի կապ չունի մեր մոտ ներդրված համակարգի հետ:

«Խնդրում եմ բերեք սոցիալական, իրավական պետության մի օրինակ, որը նման համակարգ ունի և քննարկենք նրանցում առկա խնդիրները»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Թոխյանը նաև հարցրեց, թե  ինչո՞ւ  իշխանությունը մերժեց արտահերթ նիստը:

«Գուցե այդ դեպքում սրա կարիքը չլիներ», - նշեց նա, հիշեցնելով, որ  ՍԴ-ն որոշում ունի, որով ԱԺ պատգամավորներին արգելում է բոյկոտել նիստերը:

Հ.Հակոբյանը պատասխանեց, թե օրենքը 2003 թվականից սկսել է քննարկվել, 2010-ին ընդունվել է, բոյկոտի տրամաբանութունն այն է եղել, որ վերջին 3 տարում կարող էին քննարկել:

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն էլ  հայտարարեց, որ ոչ մի տրամաբանություն չի կարող հակասել օրենքին.

«Կարող եք օրենքին չքվեարկել, բայց գործի չգնալ չեք կարող: Հակաօրինականությունն օրինականացնելն անթույլատրելի է: Մենք պետք է սովորենք հարգել օրենքի իրավունքը, այդ դեպքում շատ բաներ տեղը կընկնեն»: