Ջիվան Գասպարյան կրտսերի նոր ստեղծագործությունը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դուդուկահարը, հայտնելով, որ ինքը, որպես երիտասարդ երաժիշտ, իր պարտքն է համարում բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին:

Դուդուկահարի խոսքերով, յուրաքանչյուր արվեստագետ պարտավոր է բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին:

«Ես գտնում եմ, որ ամեն երաժիշտ պետք է նման մի բան անի, մենք պետք է ուրիշ ձևերով ապացուցենք, որ այս Ցեղասպանությունը կատարվել է Թուրիքայի կողմից»,-իր խոսքում նշեց Ջիվան Գասպարյանը:

Վերջինս հայտնեց, որ ստեղծագործության հեղինակն ինքն է, և նվագել է այն, ինչ զգացել է:

Տեսահոլովակում կրտսեր դուդուկահարն այցելում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցում և դուդուկի երաժշտության ներքո ցուցադրվում են Հայոց Ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ, տեսահոլովակներ:

«Պապիկիս հետ աշխարհով մեկ շրջագայում ենք և յուրաքանչյուր համաերգից առաջ, տարբեր ազգերի մոտ մենք մենք շեշտում ենք Հայոց Ցեղասպանության մասին, սակայն ես գտնում եմ, որ այդ ամենը դեռ քիչ է»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

Այս տեսահոլովակը կներկայացվի նաև ԱՄՆ-ում, Ռուսատանում և մի շարք այլ երկրներում:

Առաջիկայում ավագ և կրտսեր Գասպարյանները մի նոր ծրագիր կիրականացնեն: Նրա խոսքով՝ կլինի մի ստեղծագործություն, որը համաշխարհային մեծության երաժիշտների միջոցով կոչ կանի աշխարհին ճանաչել Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը: