Թերթն իր այսօրվա համարում հիշեցնում է, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանց հետ քննարկել է «տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Սակայն ըստ «168 ժամ»-ի`  «հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների»,- գրում է թերթը և պարզաբանում. «Նախ՝ երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ Աժ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Հիմնական միտքը, որն, ըստ գործարարների, արտահայտել է Հովիկ Աբրահամյանը, եղել է հետևյալը, եկեք անցյալի մասին քիչ խոսենք, գիծ քաշենք ու ամեն ինչ սկսենք զրոյից, մտածենք ապագայի մասին: Որպես բաժակաճառ՝ դա, իհարկե, բարեհունչ է, սակայն որպես վարչապետի դիրքորոշում, մեղմ ասած, տարակուսելի: Որովհետև դա նշանակում է այն, ինչն ընդունված է անվանել հարկային համաներում: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի ասածը հետևյալն է. «մեզանից ով՝ ինչ արել-չի արել նախկինում, որքան հարկեր է թաքցրել կամ որքանով է գործել ստվերում, գլուխը՝ քարը, այսօրվանից սկսում ենք աշխատել մաքուրով»: Անցումային շրջանում գտնվող մի շարք երկրներում այդ պրակտիկան տարածված է, սակայն կա մի նրբություն: «Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, իրեն հավասարեցրել է օրենքին»,–եզրահանգում է թերթը։

Նաև հաղորդվում է. «Երեկվա հանդիպման ամենամեծ ինտրիգը ոչ թե այդքան խոշոր գործարարների միաժամանակյա ներկայությունն էր միևնույն վայրում, այլ ամենախոշորներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը: Երևի այն պատճառով, որ երեկվա հանդիպման ընթացքում քննարկված հարցերը նրան չեն վերաբերել: Իսկ հանդիպման ընթացքում, ինչպես նշեցինք, խոսվել է հավասար պայմանների մասին: Իսկ ի՞նչ հավասար, պայմանների մասին կարող է խոսք լինել, եթե վարչապետը խնամի է: Կամ խնամին` վարչապետ: 

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում, լուսանկարը` 168.am-ից: