Ս. թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ /փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա/:
«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի երեխաներ ԱՊՀ երկրներից /Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան/ և արտերկրից. մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը /դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան/: Անդրեյ Կուրբետը «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է /2013 թ./, Ջուզեպպե Տերրասիանոյի անվան /2009 թ. Իտալիա/, «Ֆլամ» միջազգային մրցույթների /2010 թ. Ֆրանսիա/ և Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի /2012 թ./ մրցանակակիր:
Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: