Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսուհետ, բացի հանքային ջրերից, գինուց և կոնյակից, Վրաստանը հնարավորություն կստանա ռուսական շուկա արտահանելու նաև միրգ և բանջարեղեն, մասնավորապես՝ բալ, կեռաս, դեղձ, ծիրան, սալոր, լոլիկ, սմբուկ: Նման որոշում է ընդունել «Ռոսսելխոզնադզորը»: Գյուղմթերքի թվարկված տեսակները պետք է համապատասխանեն ֆիտոսանիտարական նորմերին, և արտահանողը դրանց վաճառքը կարող է կատարել միայն Վրաստանի ԳՆ Պարենի ազգային գործակալության տրամադրած հավաստագրի առկայությամբ:
Կարծում եմ՝ ռուսական կողմի այդ որոշումը ևս մեկ քայլ է վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման ճանապարհին և լրացուցիչ խթան կհանդիսանա Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորընտիր կառավարության, մասնավորապես՝ նախկին վարչապետ Բ. Իվանիշվիլիի կողմից նախաձեռնած պաշտոնական Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու նախաձեռնության արդյունքում ծավալված նշյալ հարաբերությունների բարելավման գործընթացի համար, հատկապես որ Ուկրաինայի շուրջ ծավալված զարգացումներին զուգընթաց որոշակիորեն բացասական երանգ էր հաղորդվել վերոնշյալ գործընթացին: