«168 ժամ»-ը գրում է. «Լռությունը, որ ընդհանրապես նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին բնորոշ ամենահիմնական գծերից մեկն է, քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, որպես կանոն, մի քանի նշանակություն ունի՝ կամ համաձայնության, կամ այդ պահին ասելիքի բացակայության, կամ տակտիկական նպատակներով պայմանավորված՝ ժամանակ շահելու իմաստով: 

Հասկանալով հանդերձ, որ առաջին երկու տարբերակներն ավելի հավանական են, գոնե որպես ՀՀ քաղաքացիներ՝ պակաս նվաստացուցիչ է հուսալը, որ իրականում գործ ունենք երրորդի հետ: Այսինքն՝ մտածենք, որ Ս. Սարգսյանը լռել է ոչ միայն Նազարբաևին, այլև ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ անցկացնելու հարցի բարձրացումն անգամ թույլ տված բոլորին՝ Պուտինով ու Լուկաշենկոյով հանդերձ, ավելի ուշ, բայց ավելի արժանի պատասխան տալու համար: Իսկ եթե այդ հույսերն ուտոպիստական չեն, ապա Սերժ Սարգսյանն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի՝ իր խնդրած ժամկետում՝ մինչև հունիսի 15-ը, «խնդիրները կարգավորելու համար»:

Առաջիկա երկու շաբաթները կարող են դառնալ ինչպես՝ Հայաստանի փրկության, այնպես էլ՝ Հայաստանի ու ԼՂ-ի վերջնական կործանման երկու շաբաթներ: Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ, եթե որևէ ձևակերպմամբ, թեկուզ՝ միջանկյալ լուծում համարվող որևէ տարբերակով Հայաստանը համաձայնի մաքսակետ դնել ԼՂ-ի հետ սահմանին, ապա դա կլինի վերջը: Լեռնային Ղարաբաղի ու նաև Հայաստանի: Կամ Հայաստանի ու նաև Ղարաբաղի: Նազարբաևի առաջ քաշած պայմանը, որն իրականում Ալիևի պայմանն է, Հայաստանի համար սպառնալիք լինելով, փրկության հնարավորություն է՝ արժանապատիվ կերպով հետ կանգնելու պետության արժանապատվությունը մինչև վերջ ոտնահարած այս գործընթացից՝ Եվրասիական միությանն անդամակցությունից»,- եզրահանգում է պարբերականը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: