«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Վազգեն Խաչիկյանի գործով անցնող սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը: Ի տարբերություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ձերբակալված մյուս անձինք, մեր տեղեկություններով, պատրաստ են պետությանը հասցված իրենց բաժին վնասը փոխհատուցել, սակայն Խաչիկյանը համառում է՝ հրաժարվելով իր բաժինը վճարել, և այդ պատճառով նրանք շարունակում են անազատության մեջ մնալ: Այս մարդկանց հարազատները հուսահատությունից դրդված դիմել են թերթի խմբագրություն: Նրանք մեզ պատմեցին, որ արդեն երկու տարի կալանավորված Վազգեն Խաչիկյանը չի ընդունում, որ նման յուրացում է կատարել, ու մտադիր չէ վերականգնել պետությանը պատճառված վնասը:Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010 թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: ՀՀ գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել էր քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել և մոտ 500 էջանոց հաշվետվություն ուղարկել դատախազություն: