«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը այսօր լրագրողների հետ զրույցում առաջարկեց. «Եկեք բոլորս մի-մի դոլար հավաքենք ու գնենք ավտոկայանատեղիները տնօրինող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության վաճառքի հանած բաժնետոմսերը, որ հետո վերացնենք կարմիր գծերը»: 

Նա նաև ավելացրեց. ««Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նախորդ տարի էլ հայտարարել էր, թե իրենց կատարած ներդրումների ծավալը կազմելու է 5 մլն դոլար, ու այս տարի էլ են պատրաստվում 5 մլն դոլար ներդնել։ Այդ հինգ միլիոնը տեսնեն ինչի՞ վրա է ծախսել, չինական ներկերի՞: Մենք ուզում ենք, որ ընդհանրապես վերացվեն այդ կարմիր գծերը»: 

Այս նախաձեռնության անդամները անդրադարձան նաև հունիս 10-ին իրենց կազմակերպված ավտոերթին, երբ ոստիկանները փակել էին իրենց ճանապարհը.

«Ճանապարհային ոստիկանությունը իրենց պետի՝ Արշակյան Արսենի գլխավորությամբ, փակեցին մեր ճանապարհը ու խցանեցին փողոցը: Մենք քարշակ չենք, ոչ էլ կռունկ, փակած ճանապարհից մեր մեքենաները հեռացնեինք: Իսկ երբ եկավ փոխոստիկանապետ Օսիպյանը ու հրամայեց, որ ակտիվիստներին տանեն, ոստիկանները սկսեցին գողանալ իրենց ճանաչած ակտիվիստներին: Դա բացահայտ հանցագործություն էր՝ մարդու իրավուքնների խախտում»: 

Նախաձեռնության մյուս անդամ՝ Արմեն Միքայելյանը ասաց, որ ոստիկանության փորձը իրենց ճնշելու չի հաջողվել և ավելացրեց.

«Պայքարը շարունակվելու է մինչեւ մեր բոլոր պահանջները կատարվեն, մենք ակցիաների բնույթը, ձևը կփոխենք, որ չկարողանան ոստիկանները խոչընդոտել: Իրենք թեթևակի կոսմետիկ փոփոխություններ են փորձում անել, բայց շարունակում են մարդկանց դեմ թակարդներ լարել»: