«Հրապարակ»-ը գրում է. «Միանգամայն բնական է հասարակության սևեռուն ուշադրությունը նախկին նախագահների անձի ու խոսքի նկատմամբ, և բոլորովին հասկանալի չէ նրանց թիմակիցների դժգոհություններն ու վաշ-վիշը՝ իբր բոլորդ բանուգործ թողած, սպասում եք Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի, որ սկսեք քննարկել-քննադատել: Այո, նախկին նախագահները, որպես հսկայական ինֆորմացիայի կրողներ, որպես իրենց զբաղեցրած աթոռի հեղինակությունը մինչև իրենց կյանքի վերջ կրող անձինք, հետաքրքիր են հանրության համար, նրանց խոսքն ուսանելի է ու կարևոր:

Ուրիշ բան, որ այս բոլոր տարիներին իրենք՝ ներկա ու նախկին նախագահներն ամեն ինչ արել են այդ խոսքն արժեզրկելու, ՀՀ նախագահի ինստիտուտը վարկաբեկելու համար: Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը թույլ էր տալիս, որ իր իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ հայհոյեն ու քննադատեն Լևոն Տեր-Պետրոսյանին, չէր կարող պատկերացնել, որ մի օր ինքն իր փորած փոսն է ընկնելու: Եվ եթե իր ժամանակ Ռուբեն Հայրապետյանն էր Լևոն Տեր-Պետրոսյանին «քլնգում»՝ հաճույք պատճառելով քոչարյանական վերնախավին, գալու է մի օր, որ Շարմազանովն ու Կարեն Ավագյանն են իրեն «քլնգելու», քանզի բումերանգի օրենքը ոչ միայն գործում է, այլև զարգացման միտումներ ունի: Վաղը կգա Սերժ Սարգսյանի հերթը, ով այսօր չի արգելում տարբեր տրամաչափի գործիչներին ՀՀ նախկին նախագահի հետ «մեջլիս» մտնել: Որքան էլ Անդրանիկ Մարգարյանը հարգված լինի մեզանում, և նրա որդին բարձր պաշտոն զբաղեցնի, վայել չէ Երևանի քաղաքապետին պատասխանել ՀՀ նախկին նախագահին, ինչպես երեկ արել էր նա մամուլում: Նա ոչ լրագրող է, ոչ վերլուծաբան, ոչ քաղաքագետ, որ վերլուծի ու քննադատի որևէ ելույթ, առավել ևս ՀՀ նախկին նախագահինը: Պետական պաշտոնյան պետք է չափի զգացում ունենա:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: