«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում Մաքսիմ Հակոբյանին փոխարինել է ավստրալացի տնօրենը: Տեղի ժողովուրդը ծանր է տանում Հակոբյանի «հեռացումը»: «Հի՞նչ ընք անիլու. հունց ա իլելու. կլխներիս կանգնած էր»,- «ցավ են քաշում» ղափանցիք ու սիսիանցիք: Ինչո՞ւ հատկապես ավստրալացի տնօրեն, երբ կոմբինատի հսկիչ փաթեթը պատկանում է գերմանացիներին: «Մրցույթ է հայտարարվել, մրցույթում ավստրալացին է հաղթել, ի՞նչ կա որ», իսկ Մաքսիմ Հակոբյանը չի «հեռացել», դարձել է կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ: Հիմա էլ Ձեզ Ախթալայի ժողովուրդն է սպասում, ու Սյունիքի ժողովուրդը մի քիչ ոնց որ խանդում է, հա՞, հարցրինք Մաքսիմ Հակոբյանին: «Չկա նման բան. նույն ձևով աշխատելու ենք, նույն ձևով մնալու ենք Սյունիքում. ընդհակառակը, ոչ միայն պահպանելու ենք ձեռք բերածը, այլ մի քայլ էլ առաջ ենք գնալու»:Այնուհանդերձ, ասում են` Ձեր տեղափոխման, նոր կարգավիճակի հետ կապված, բացի տնտեսականից, քաղաքական իմաստ էլ կա: «Ես չգիտեմ նման բան, չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել: Ես միայն մի բան գիտեմ. 16 տարի աշխատել եմ նույն տեղում, ու այսօր, երբ ամեն բան շատ արագ է զարգանում, նոր մարդու ու մտածողության կարիքը շատ կա արտադրությունում, ու ես արել եմ իմ քայլը»:Ի դեպ, գո՞հ եք Ձեր որդու` Վահե Հակոբյանի մարզպետական գործունեությունից: «Իմ գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել, ես այն չեմ էլ բարձրաձայնի, ես միայն մի բան գիտեմ. նա հաճույքով է աշխատում, օրվա-շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում է մարզի հեռավոր գյուղեր, պրոբլեմները նայում, հետո նորից է գնում. դա նշանակում է, որ ուզում է մի բան անել մարզի համար, էդ խնդիրները լուծել, մնացածը պետք է ժողովուրդն ասի»: