«Իրականում Ադրբեջանի ներսում քաղաքական կամք կա, սակայն սխալ ուղղությամբ»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է նախորդ շաբաթ Բաքվից վերադարձած Ռիչարդ Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք տեսե՞լ է Բաքվում քաղաքական կամք` լուծելու ղարաբաղյան հարցը: Ըստ նրա` այդ «քաղաքական կամքը» հիմնված է Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման վրա, որը չի ընդունի այլ տարբերակ, քան Հայաստանի կողմից Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը: Սրանից ելնելով` քաղաքագետը նշեց, որ դիվանագիտական առումով ինքն այնքան էլ լավատես չէ, իսկ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունն իրականում ո՛չ ռազմավարություն է, ո՛չ էլ դիվանագիտություն: Ռ. Կիրակոսյանը նաև պատմել է, որ Բաքվում` նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր հայկական պատվիրակությունը, տեսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Սակայն նա ավելի մտահոգիչ համարեց այն փաստը, որ Լավրովի հետ միասին Բաքու էին մեկնել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչը նշանակում է, որ ԼՂ հարցը եղել է Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցությունների օրակարգում, ինչպես նաև ռուս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացում: «Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից և նրա հետ հարաբերություններից»,- նշել է Ռ. Կիրակոսյանը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։