Վրաստանի պաշտպանության նախարար Ի. Ալասանիայի հայտարարությամբ՝ Վրաստանը դեռ պատրաստ չէ դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Վերջինիս համոզմամբ՝ դրա համար կպահանջվեն տարիներ: Ավելին, Ալասանիան վրացի միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ այդպես է կարծում: Ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք Մ. Սաակաշվիլիի գլխավորությամբ՝ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրողությունը տեսնում էին մոտ ապագայում, գործող պաշտոնյաները այդ հարցին ավելի իրատեսական են մոտենում: Վերջիններս պարզ գիտակցում են, որ միայն ցանկությունը և ձգտումը քիչ են. կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են վերոնշյալ գործընթացին՝ սկսած ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ սահմանված կետերից, վերջացրած տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով, գրել է վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր ջում:

Ի դեպ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Րասմուսենը հայտարարել է, որ որոշվել է՝ Վրաստանին տրամադրել համագործակցության նոր հիմնական փաթեթ, ինչը թույլ կտա ավելի սերտացնել կապերը դաշինքի և Վրաստանի միջև:

Հ.Գ. Նման գործելաոճով ՆԱՏՕ-ն միշտ փորձել է ակտիվ պահել Վրաստանի՝ դաշինքին անդամակցության գործընթացը՝ թույլ չտալով թուլացնելու Վրաստանի իշխանությունների հավատը: Թեև պարզ է, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև վրաց հասարակությունը լավ գիտակցում են, որ ՆԱՏՕ-ին անմամակցությանն ուղղված ջանքերը կարող են շատ երկար ժամանակ այդպես էլ արդյունք չտալ, և Ի. Ալասանիայի վերջին հայտարարությունը կարծես խոսում է հենց դրա մասին:
Եվ չնայած վերը շարադրվածին, տպավորությունն, իհարկե, այնպիսին է, որ ներկա շրջափուլում սա երկկողմ ձեռնտու իրավիճակ է: