Մարդկանց հոգիները կռվախնձոր մի դարձրեք

Որքան էլ որ տարօրինակ և անսպասելի լինի, այնուամենայնիվ` իբրև մարդ, իբրև ազատամարտիկ և այսօրվա իրականությունն իր կաշվի վրա զգացող մի քաղաքացի, նաև Հայաստանում ներքաղաքական և միջանձնային հարաբերությունները կողքից դիտողի, և ինչու ոչ, իր վրա որոշակի սահմանադրական պատասխանատվություն կրողի, ես իմ հասարակ մարդկային պարտքն եմ համարում շիտակ անկողմնակալությամբ անդրադառնալ վերջին օրերին «Հրապարակ» թերթի լուսանցքներում տպագրված մի հրապարակման, որտեղ առանց պարկեշտության` իրականությունը հասարակությանը մատուցվում է, անկեղծ ասած, միտումնավոր ենթատեքստով, ինչն ինձ շատ զարմացրեց: Ինչու՞: Որովհետև, ներկա գտնվելով «Եռաբլուրում» և անմիջապես ականատեսը լինելով մի երևույթի, ես պարզապես հարկ եմ համարում բարձրաձայնել, որ այն, ինչ գրվում է պաշտպանության նախարարության ներկայացուցչի, մասնավորրապես` Վարդան Ավետիսյանի մասին, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:
Նախ, ես չեմ ճանաչում այդ մարդուն, որն իրեն «Եռաբլուրում» պահում էր ոչ այնպես «գռեհիկ գեներալավարի», որպիսին «Հրապարակն» է ներկայացնում: Այնուհետև ուզում եմ ասել, որ գերեզմանատեղի հատկացման տարաձայնությունների ժամանակ, երբ Վ. Ավետիսյանը հեռախոսով խոսում էր բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի հետ, նա երկու թե երեք անգամ հարգանքով դիմելով հավաքվածներին` բավականին հեռացավ և խոսում էր այդ պաշտոնյայի հետ ու այնուհետև ետ վերադառնում, ներկայացնելով, որ խոսում էր պաշտպանության նախարարի հետ: Ինչ վերաբերում է նրան, թե տարաձայնությունների թեժ պահին նա հեռախոսի բարձրախոսը միացրած էր խոսում այդ մարդու հետ, դա իսկապես իրականությանը չի համապատասխանում: Դա «Հրապարակի» կողմից մաքուր ստախոսություն է: Նման բան չի եղել: Ես պարզապես ամաչում եմ նման սուտը հանրությանը մատուցելու համար, որովհետև ես էլ «Հրապարակի» հազարավոր ընթերցողներից մեկն եմ:
Հավատացնում եմ, ոչինչ չունեմ այդ գեներալին պաշտպանելու համար, ուղղակի ամոթ եմ համարում իմ սիրած թերթի էջերում սուտ տեղեկատվություն ընթերցելը: Ավելին, պետք է ասեմ, որ այդ գեներալը բարեկիրթ մարդու տպավորություն էր թողնում, իսկ կողքից կանգնած շատ կռված տղաներ նրա հանդեպ պատկառանքով էին վերաբերվում, մատնանշելով նրա անցած մարտական ուղին և բազմափորձ կենսագրությունը:
Սմբատ Այվազյանն իմ մարտական ընկերն է: Նրան արդեն հուղարկավորել են, և նրա անվան ու հոգու հետ խաղալն ես ուղղակի կոռեկտ չեմ համարում: Առավել ևս հետին մտքերով նրա անունը շահարկելը: Եվ նրա հուղարկավորության շուրջ առաջացած այս վերջին հրապարակումներն ուղղակի ամոթաբեր, անպատվաբեր և անթույլատրելի են: Ես որպես հայ, որպես ազատամարտիկ, ամաչում եմ այս միջադեպից և խնդրում ու պահանջում եմ` այն այլևս կռվախնձոր մի դարձրեք:

Ազատամարտիկ Արթուր Շահնազարյան