Անկախ այն հանգամանքից, որ շարժական գովազդն իր տեսակով նոր ճյուղ է համարվում գովազդային ոլորտում, այն արդեն գիտական ուսումնասիրությունների ու տպագիր վերլուծությունների հիմք է դարձել: Օգոստոսին Մոսկվայում լույս է տեսնելու շարժական գովազդի ամենամյա` 6-րդ ժողովածուն:
Այս նախագիծն ամբողջությամբ ուսումնասիրում է շարժական գովազդի նորարար մոտեցումներն ու զարգացումները` հաշվի առնելով, որ հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ օր օրի աճում է: Փորձագետներն ու նախաձեռնության հեղինակներն այս հանգամանքը մեկնաբանում են գործնական օրինակներով. արտաքին գովազդի քանակը կրճատվում է շատ երկրներում` հիմք ընդունելով անհամապատասխանությունը քաղաքի տեսքի հետ: Հետևաբար` շարժական գովազդն իր դիրքերն ամրապնդում է` ունենալով նաև բազմաթիվ ինքնատիպ առավելություններ արտաքին գովազդի մյուս բոլոր տեսակների նկատմամբ:
Այս ժողովածուի նախաձեռնողներն են արտաքին գովազդի ոլորտում մասնագիտացված Outdoor Media ամսագիրը և «Նյու-Տոն» գովազդային գործակալությունը:
Ի դեպ` Հայաստանում ևս շարժական գովազդն իր զարգացումներն ունի: Բազմաթիվ ընկերությունների գովազդային հայտարարություններն արդեն հայտնվում են ավտոբուսների, տաքսիների վրա, մետրոյում և հնարավոր այլ տրանսպորտային միջավայրերում:
«Արդեն շուրջ 3 տարի է, ինչ հայ իրականության մեջ շարժական գովազդի ոլորտը տեսանելի զարգացումներ ունի, և դա` շնորհիվ Motion Time գովազդային ընկերության, որը հիմնադրումից ի վեր, շնորհիվ պրոֆեսիոնալ մոտեցումների, նոր շունչ է հաղորդել արտաքին գովազդին: Մեր ընկերությունն այսօր լավագույն ծառայություններն է մատուցում շարժական գովազդի ոլորտում` միանգամայն փոխելով պատկերացումները հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին գովազդի մասին: Այս փաստի վկայությունը կազմակերպության գործընկերների օր օրի ավելացումն է»,- մեզ հետ զրույցում նշեց Motion Time ընկերության աշխատակից, շարժական գովազդի փորձագետ Արտակ Համբարձումյանը` ավելացնելով, որ ինքը ոլորտի լավագույն ձեռքբերումներից մեկը համարում է ժամանակակից մոտեցումներով ու կրեատիվ պատկերային լուծումներով գովազդների պատրաստումը: