Դեռ երկար ժամանակ հայ հանդիսատեսը հիշելու է այն մշակութային աղմուկը, որ քաղաքի ուշադրությունը սևեռել էր «Ինքնասպանի Գրառումներ» առաջին ալտերնատիվ բալետային փսիխոդրամայի վրա: Նախաձեռնությունը ՊԻԿ մշակութային նախագծինն էր, որը պատվով դուրս եկավ այս ամենից ու հանրությանն ապացուցեց, որ նորարար մոտեցումները լավագույն ավանդույթների հիման վրա են միայն կատարելության հասցնում ինչպես մշակույթը, այնպես էլ դասականն ու մոդեռնը: 

Այս ամենը դեռ ողջ հանրության քննարկման թեման էր, երբ ՊԻԿ նախագիծը նոր հայտարարությամբ հանդես եկավ: Հուլիսի 26-ին՝ ժամը 20։00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում «ՊԻԿ» մշակութային նախագիծը ներկայացնում է «Old band» էթնիկ խմբի համերգ-ներկայացումը։ 

Մենք կապ հաստատեցինք ՊԻԿ-ի պրոդյուսեր Անուշ Քոչարյանի հետ, ով նշեց. «Ինչպես արդեն շատերը գիտեն՝ ՊԻԿ նախագիծը հիմնադրել ենք երեք երիտասարդ ստեղծագործողներով՝ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը եւ ես։ Իսկ Ալեքսանդրը Old band-ի մենակատարներից մեկն է, Սամվելը՝ համերգ-ներկայացումների բեմադրող ռեժիսորը։ Այս իրադարձությունը տրամաբանական էր եւ սպասելի, քանի որ բացի վերոնշյալների ներգրավվածությունից, էթնիկ խմբի մոտեցումները, երաժշտության մատուցման ձևը եւ սկզբունքները համընկնում են մեր սկզբունքներին։ Կարճ ժամանակահատվածում Old band-ը հանդես է եկել երկու համերգով, մասնակցել տասնյակ մշակութային իրադարձությունների եւ սիրով ընդունվել հանդիսատեսի կողմից»։

Իսկ թե ինչ է լինելու «Ինքնասպանի Գրառումներ» բալետային փսիխոդրամայի ճակատագիրը, պրոդյուսեր Ա. Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ դեռ առջևում է. «Մինչեւ այսօր մարդիկ խոսում են այդ մասին, հայտնում իրենց հիացմունքը, մատնանշում վերջինիս կարեւորությունը՝ մեր իրականության մեջ՝ որպես նորարարություն։ "ՊԻԿ"-ի ստեղծագործական կազմը շատ զգուշությամբ է մոտենում ներկայացման հետագա կյանքին, կան պլաններ, որոնք անպայման իրագործելու ենք, քանի որ ներկայացումը կենսական է եւ ցուցադրման կարիք կա ոչ միայն Հայաստանում»: 

Համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշում է, որ այն տարբերվում է իր ձեւաչափով.  ավելի մտերմիկ միջավայր է ստեղծելու՝ պայմանավորված համերգի յուրահատկությամբ եւ նոր մտահղացումներով։
Խմբի կատարողները չորսն են՝ Անուշ Հարությունյանը, Լիլիթ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Արամ Հարությունյանը։ «Old Band»-ը երիտասարդների խումբ է, որոնք ընտանեկան ավանդույթը ժառանգելով, ներկայացնում են անաղարտ հայ ազգային երաժշտությունը իրենց՝ նորովի ընկալմամբ: