Գովազդային ոլորտն ուսումնասիրությունների ու հետաքրքիր բացահայտումների ամենագրավիչներից մեկն է: Եթե որոշակի համեմատական պատկերացում տանք, ապա գովազդը կարելի է դիտարկել որպես երկխոսություն վաճառողի ու գնորդի միջև, որտեղ վաճառողն իր մտադրություններն է հայտնում գովազդային միջոցների շնորհիվ, իսկ գնորդը` վերաբերմունք է դրսևորում այս կամ այն կերպ:

Եթե փորձենք գովազդին ավելի գիտական սահմանում տալ` ապա ըստ էության, մարքեթինգի այն գործիքներից մեկն է, որը միավորում է մարդու գիտակցության վրա ազդեցության տնտեսական, իրավական, հոգեբանական մեթոդները, ինչպես նաև տեղեկացնում է պոտենցիալ օգտատերերին` արտադրանքի, ծառայությունների, նրանց որակի, գնի, արժանիքների, առանձնահատկությունների, արդյունավետության, անվտանգության և այլնի մասին: Այս ամենից ելնելով կարելի է ասել, որ յուրաքանչյուր գովազդ կարճ բովանդակությամբ պետք է միաժամանակ լուծի բազմաթիվ խնդիրներ: Այստեղ է, որ սահմանվում է նաև գովազդի արդյունավետությունը. լավագույն և արդյունավետ է համարվում կարճ, հետաքրքիր, արժանահավատ, հասկանալի, դինամիկ, կրկնվող, կերպարային և յուրահատուկ գովազդը:

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց գովազդային ոլորտի զարգացմանը, նորարար մոտեցումների կիրառմանն ու կրեատիվ լուծումներ առաջարկեց գովազդային ոլորտի մասնագետներին: Այս զարգացման ընթացքում առանձնահատուկ վերելք ապրեց նաև արտաքին գովազդը, իսկ արտաքին գովազդի տեսակներից` մասնավորապես գովազդը հասարակական տրանսպորտի վրա:
Հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդն ունի մի շարք առավելություններ` փոխոցային ցուցատախտակների հետ համեմատած.

1. Այն շարժական է: Մոբիլության շնորհիվ գովազդը հասանելի է դառնում քաղաքի ցանկացած վայրում: Նույն նպատակին հասնելու համար ահռելի քանակի փողոցային ցուցատախտակներ են անհրաժեշտ, ինչը չափազանց թանկ է` համեմատած հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդի հետ:

2. Չափազանց մեծ գովազդային մակերես` մինչև 50 մ2, ինչի շնորհիվ կարելի է ստանալ կրեատիվ և արդյունավետ գովազդ: Փողոցային ցուցատախտակները այդ հնարավորությունը չեն ընձեռում:

3. Գովազդի հետ կոնտակտների քանակի և որակի անհամեմատ բարձր ցուցանիշներ թիրախային ամենալայն խմբերի համար:

Վերոնշյալները առավելություններն ընդամենը մի քանիսն են` ամենակարևորները, որ հաշվի են առնվում գովազդատուների կողմից: Շարժական գովազդն ընդհանրապես ամենամասսայականն է համարվում` ընդգրկելով աշխարհագրական մեծ և կարևորը` օգտակար տիրույթ: Ասում են` եթե գնորդի վերաբերմունքը գովազդային «երկխոսության» ընթացքում դրական չեղավ և նա հետաքրքրություն չդրսևորեց, ուրեմն այդ երկխոսությունը չի կայացել, այսինքն` գովազդատուն նպատակին չի հասել: Հետևաբար` ուշադրության կենտրոնում լինելու և ձեր մասին հնարավորինս դիպուկ ու բարձր խոսելու համար ընտրեք արդյունավետ ուղին:

 

Սկզբնաղբյուրը՝ iravunk.com