Ինչպես նախապես տեղեկացրել էինք հուլիսի 30-ին Մարզահամերգային համալիրի աշխատակիցների նկատմամբ ապօրինի գործողություններ էին իրականացվել Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից: Երեք ամբողջ օրը ԴԱՀԿ մամուլի քարտուղարը և ԴԱՀԿ թեժ գիծը չէին պատասխանում հեռախոսազանգերին: 

Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նշված քաղաքային համարները կրում են ձևական բնույթ: Ստեղծված իրավիճակում տուժում է քաղաքացին քանի, որ տուգանքների հարկադիր գանձումը այս օրերին դարձել է օրվա գերխնդիր և հերթերը ԴԱՀԿ-ում չեն վերջանում:

Իսկ այժմ ԴԱՀԿ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որով «ապացուցում» է Հարկադիրի աշխատակիցների կատարած գործողությունների օրինականությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է "Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր" ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:

Ըստ մեր տեղեկությունների ԴԱՀԿ աշխատակիցները նույնիսկ գիշերել են Մարզահամերգային համալիրում: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց մամլո քարտուղար Ռիմա Եգանյանի հետ, որը խոստացավ ճշտել տեղեկատվությունն ու այն հաղորդել մեզ, սակայն նշեց նաև, որ չէր ցանկանա այսպես մանրացնել այս հարցը:

Պարզվեց նաև, որ երեկ ԴԱՀԿ մամլո քարտուղարը արձակուրդում էր, այդ պատճառով չէր արձագանքում զանգերին: Իսկ թե ինչո՞ւ չէր պատասխանում «թեժ գիծն» ու մնացած հեռախոսահամարները, մնում է անհայտ: 

Կից ներկայացնում ենք նաև տեսանյութը: