Մարզահամերգային համալիրում ԴԱՀԿ աշխատակիցների գործողություններն անօրինական են, դա «պետական ռեկետ է»: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: 

Անդրադառնալով հուլիսի 30-ին ԴԱՀԿ աշխատակիցների կողմից համալիրի անձնակազմին ապօրինաբար դուրս հրավիրելուն, Կորյուն Գրիգորյան ասաց. «Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների։ Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն: Իսկ մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում, ասում են՝ արդեն մտել և վտարում են. այսպես չեն անում»: 

«Շատ տարօրինակ բան է տեղի ունենում. 25 մլն դոլար պետական բյուջեում չկա, բայց ոչ ոք չի հարցնում, թե ուր է այդ գումարը։ Ոչ ոք չի ուզում պարզել, թե ում թեթև ձեռքով է դա արվել և հեղինակը Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանն են»,- ասաց ՄՀՀ մամուլի պատասխանատուն՝ մեղադրելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: 

«Վտարման որոշում չի եղել, իսկ ԴԱՀԿ տարածած հաղորդագրությունը խախտում էր, քանի որ գաղտնի տեսաձայնագրելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանությունը և այլ մարմիններ` բացառությամբ ԴԱՀԿ ծառայության: Տեսագրելու և հրապարակելու գործողությունների մեջ առկա են խախտումներ և այս իմ հայտարարությունը պատկան մարմինները պետք է դիտեն որպես հայտարարություն հանցագործության մասին, թեև ես արդեն դիմել եմ»,- ասաց նա: 

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 30-ին Մարզահամերգային համալիրի աշխատակիցների նկատմամբ ապօրինի գործողություններ էին իրականացվել Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից: Երեք ամբողջ օրը ԴԱՀԿ մամուլի քարտուղարը և ԴԱՀԿ թեժ գիծը չէին պատասխանում հեռախոսազանգերին: