Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին, մտադիր լինելով երրորդ անգամ ղեկավարել կառավարությունը,  նախագահին`  Ֆուադ Մաասումին, մեղադրել էր Սահմնադրությունը խախտելու և վարչապետի  թեկնածության առաջադրումը ձգձգելու մեջ, ինչին հետևել է Բաղդադում օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը անվտանգության խստացված միջոցառումների ձեռնարկումը:  

Վարչապետին հավատարիմ շիա ոստիկանությունը ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների օգնությամբ արդեն վերահսկողության տակ է առել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: Գլխավոր փողոցները և մայրուղիները զբաղեցրել են բանակային և ոստիկանական ստորաբաժանումները` զրահապատ տեխնիկայով: Կամուրջները շրջափակված են տանկերով, արգելափակված են քաղաքի բոլոր մուտքերը և ելքերը:

Զորքերի տեղակայումից կես ժամ անց ալ Մալիքին ելույթ է ունեցել և խոստացել դատի տալ հուլիսի 24-ին ընտրված նախագահ Ֆուադ Մաասումին` հայտարարելով, որ ինքը դաշնային դատարան հայց կներկայացնի նախագահի դեմ, որը «խախտել է Սահմանադրությունը` ղեկավարվելով բացահայտ քաղաքական դրդապատճառներով»: Նախագահական պալատի շուրջ դիրքավորվել են ուժային ստորաբաժանումները: Նախագահի պաշտպանությունը բարձր պատրաստականության և պատրաստակամության վիճակում է:

Ալ Մալիքիի հակառակորդները նրան մեղադրել են հեղաշրջման փորձի և իշխանությունից հրաժարվել չցանկանալու համար: Վաշինգտոնում պաշտոնապես հայտարարել են Ֆուադ Մաասումին լիակատար աջակցության մասին: