Այսօր՝ օգոստոսի 21-ին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծը այսօր Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա հավելեց նաև, որ առաջարկը եղել է ԴԱՀԿ կողմից:

«Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասաց Պավել Սաֆարյանը:

Ֆինանսների փոխնախարարը նաև նշեց, որ որոշման նախագծով վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն է, սակայն դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք: Այսինքն ընդհանուր առմամբ պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ 400 մլն դրամ:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հերթական 6-րդ անգամ հանվեց վաճառքի: Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ մամլո ծառայությունից: