Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցում «Ժառանգություն» խմբակցության Արմեն Մարտիրոսյանի անձնական դիրքորոշումը մնացել է նույնը և չի փոխվել:
«Ես դեմ եմ նմանատիպ գործելաոճին, նմանատիպ կերպարի մեծարմանը»,- Yerevannews-ի հետ զրույցում նշեց Ա. Մարտիրոսյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նորմալ է, հաշվի չառնելով բարձրացած բողոքի ալիքը արձանի տեղադրման հետ կապված հայտարարել, թե արձանը պատրաստ է և մնում է տեղադրման փուլը` Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մեր երկրի համար սովորական դեպք է:

«Մարդիկ այլ կարծիք ու դիրքորոշում են ցուցաբերում որևէ գործընթացի վերաբերյալ, իշխանությունները դրա հակառակն են անում: Հայաստանի համար դա սովորական առօրեկան վիճակ է»,- նշում է նա ու հավելում, որ քաղաքացիները այլ մարդկանց ու կուսակցությունների են ընտրում, դե ֆակտո իշխանություն են դառնում ուրիշները:
Արմեն մարտիրոսյանը չի կարծում, որ բողոքի նոր ալիքի դեպքում որևէ արդյունք կլինի:
Նշում է որ դա դեռ քննարկաման հարց է:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ դեռ պետք է լինեն քննարկումներ, որպեսզի այս հարցը վերջնականապես լուծում ստանա:
«Պետք է քննարկվի, որպեսզի հասարակության տարբեր հատվածներ արտահայտեն իրենց կարծիքները ու միայն դրա վրա հենվելով կարողանան այդ հարցը լուծել»: Հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու մասին ճարտարապետը նշեց, որ այն ամեն դեպքում բոլորովին չի անտեսվում:

«Քանի որ հասարակությունը մի ընդհանուր դիրքորոշում չունի այս հարցում, մի կողմը դեմ է, մյուսը՝ կողմ է, այդ դեպքում պետք է այդ քննարկումներ լինեն»: Մ. Մինասյանը անդրադառնալով իր անձնական դիրքորոշմանը, ասաց. «Ես կարծում եմ, որ այստեղ անձնական կարծիքների խնդիր կա»:

Նա նաև նշեց, որ այդ հարցին պետք է մի քիչ լուրջ մոտենալ, քանի որ չի կարելի միանգամից ջնջել ամբողջը, միանգամից սև ներկել, կամ մյուս կողմից սպիտակեցնել ինչ-որ բաներ: «Պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի տեսնենք, ինչում է խնդիրը: Եթե կառավարությունը տեսնի, որ հասարակությունը դեմ է, չի գնա էտպիսի քայլի»:

Նշենք նաև, որ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված խոսակցություններն ու բողոքները սկսվել են դեռ ապրիլից: Այսպիսի բուռն արձագանքի պատճառը կապված են մասնավորապես նրա մութ անցյալի և չբացահայտված հանգամանքները: Նշվում է նաև, որ1937-38թթ. Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը Խորհրդային Հայաստանը «հակասովետական տարրերից ազատելու» գործում գերագնահատել է նախատեսված պլանը ու նամակ ուղարկել Մոսկվա` խնդրելով գնդակահարման ու ձերբակալման ենթակա հայաստանցիների քանակը 1500-ով ավելացնել: