Ըստ բնապահպանների Հայաստանում որսորդությամբ զբաղվել չի կարելի: Դա ուղղակիորեն մյուս կենդանիների կերը խլել է նշանակում մարդկանց կողմից: Այս հարցով անհանգստացած YerevanNews.am-ի լրագրողը զրույց ունեցավ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի հետ, ով մանրամասն բացատրեց որսի թույլտվություն ստանալու և որսորդությամբ զբաղվելու բոլոր նրբությունները:

Սիրողական որսի թույլատրումից առաջ համապատասխան մարմիններում կատարվում կենդանիների հաշվառում: Կառավարության տրամադրած գումարներով հայտարարվում է մրցույթ, ըստ որի ընտրվում են հաշվառում կատարող կազմակերպությունները:

«Բայց քանի որ մենք ունենում ենք նախկինում որոշակի ինֆորմացիա այս կամ այն կենդանիների վերաբերյալ, գործակալությունը ինքը նաև որսորդների հետ, ինչպես նաև կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտների հետ ստուգում ենք թվերը վերջնական, և ակադեմիայի կողմից ստանալով համապատասխան թույլատրություն ենք իրականացնում մոտավորապես եղած քանակության 10-15 տոկոսի չափով: Մենք հաշվի ենք առնում նաև թռչունների նստակյաց և չվող լինելը»,- ասում է նա:

Պարզվում է Հայաստանում կա մոտավորապես 15-20 հազար որսորդ: 4-5 որսորդական միություններ կան Հայաստանում, որոնք հայտարարագիր են գրում՝ ներկայացնում են իրենց քանակությունը, պահանջարկները:

Հարցադրմանը, թե անցած տարվա համեմատ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել այս ոլորտում Արտաշես Զիրոյանը պատասխանեց.

«Էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դեռ մի բան էլ պակասել են որսորդների քանակը անցած տարվա համեմատ նվազել է: Դրանք կայուն թվեր են, ուղղակի «պլյուս մինուս» 5-10 տոկոս: Բայց կենդանիներ կան, որոնց որսը այս տարի արգելեցինք: Օրինակ խոզն անցած տարի որոշակի քանակությամբ թույլատրեցինք, իսկ այս տարի ոչ: Նապաստակը թույլ չենք տվել որսալ: Որոշ կենդանիների որսն արգելվել է ելնելով իրավիճակից: Մենք հիմա ունենք կաչաղակների և ագռավների մեծ քանակություն, որը անհանգստություն է պատճառում: Այնպես որ լավ կլիներ եթե այդ քանակը կարգավորվեր:

Էական խախտումներ չկան: Որսորդները հիմնականում շատ բնասեր, բնապահպան մարդիկ են և խախտումներ չեն գրանցում: Մենք տալիս ենք թույլտվություն, ըստ որի սահմանված են որս անելու ժամկետներն ու քանակը: Այնպես որ խախտումներ հիմնականում չեն լինում»:

Իսկ թե ինչպե՞ս կենդանիներին սպանող մարդիկ կարող են համարվել բնասեր և բնապահպան մարդիկ, դա այդպես էլ մնում է հարցական: