Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:

Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ ստանալու համար YerevanNews.am-ի թղթակիցը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի հետ: Փորձագետի կարծիքով այս միջաեպը շատ ծանր հետևանքներ է ունենալու Ադրբեջանի համար թե առաջնագծում թե միջազգային հարթակներում: Սա 20-ամյա հրադադարի ընթացքում ծանր տեխնիկայի խոցման առաջին դեպքն է, չնայած նրան, որ տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել և առկա են մարդկային բազում զոհեր:

Փաստ է այն, որ ադրբեջանցիները նպատակադրված կործանել են հայկական ուղղաթիռը և դժբախտացրել ևս երեք հայկական ընտանիք: Իրենց հրապարակած տեսանյութից պարզ երևում է, որ հայկական ուղղաթիռների զույգը, թեև գործել է շփման գծի երկայնքով, սակայն հայկական տարածքում, ուղղաթիռները շրջադարձի մանևր են կատարել՝ առանց որևէ մեկի վրա հարձակման: Հստակ երևում է նաև, որ ադրբեջանցի զինվորները ավելի վաղ են դիրքավորվել, նույնիսկ հրամանատարը կարծես երկմտում է, սակայն կատարում է այդ կրակոցը: Այժմ այդքան էլ էական չէ թե ինչպես կարձագանքի ադրբեջանական կողմը:

Մեր թղթակցի այն հարցին, որ արդյոք կարող են կրկնվել օգոստոսյան դեպքերը կամ սկսվել ակտիվ մարտական գործողություններ փորձագետը նշեց, որ կարծում դա քիչ հավանական:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման եւ վերադարձման համար: Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը` թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը: