Երևանի կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը Yerevannews.am-ին տված տոնական հարցազրույցի ընթացքում մեծ ցավով հիշեց 2014-ին կյանքից անժամանակ հեռացած գործընկերներին և հույս հայտնեց, որ 2015-ն իր հետ կբերի միայն երջանիկ և անհոգ օրեր:

Ցավում եմ, որ ամանորյա գիշերը ընտանիքիս միանալու եմ գիշերվա ժամը 3-ին, քանի որ մինչ այդ աշխատանքի բերումով տոնական ծրագիր եմ վարելու:
2014 թվականն ինձ համար բուռն տարի էր և լի էր թե´ անձնական, թե´ մասնագիտական ձեռքբերումներով:Իսկ կյանքիս ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, բալիկիս ծնունդն էր, իսկ մասնագիտական առումով մի շարք ֆիլմերում եմ նկարահանվել և խաղացել եմ նոր ու հաջողված ներկայացումներում:

Ի՞նչ նվեր եք ակնկալում ստանալ ամանորյա գիշերը հարցին պատասխանելիս հայտնի դերասանը կատակեց՝

Ինչպես բոլոր բալիկները, ես նույնպես Ձմեռ պապիկից սպասում եմ ամանորյա անակնկալ նվերի: Այնպես, որ առավոտյան արթնանալու եմ և առաջին հերթին բարձիս տակ եմ նայելու:
Ես իսկապես շատ եմ հավատում հեքիաթների և հրաշքների, չնայած չեմ կարծում, որ մեր երկրի վիճակը եկող տարում կլավանա:

Սիրված դերասանի տոնական բարեմաղթանքը նույնպես օրիգինալ էր՝

Ամեն տարի բոլորս ամենալավ բաներն ենք ցանկանում մեր հարազատներին և ընդհանրապես բոլոր հայերին, բայց ես ուզում եմ, որ այս տարին իսկապես տարբերվի և մեր բոլոր բարեմաղթանքներն ի վերջո իրականություն դառնան: Հայ ազգն արժանի է լավ կյանքի, և ես ուզում եմ, որ ոչ թե մի քանիսը լավ ապրեն, այլ բոլորը:

Ճանաչված դերասան և հումորիս Անդրանիկ Հարությունյանին Yerevannes.am-ը 2015 թվականին մաղթում է նորանոր մասնագիտական հաջողություններ և ընտանեկան ձեռքբերումներ: