Երբ աշխարհի առաջնորդները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, թուրքական կառավարության հրավերով այս տարվա ապրիլի 24-ին հավաքվեն Գալիպոլիում՝ Առաջին աշխարհամարտի ճակատամարտը հիշատակելու համար, մեկուկես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց հետ, գրում է Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում տպագրված «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է» հոդվածում:

Հոդվածագրի խոսքով՝ Թուրքիայի նման քայլն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հիշողությունը խեղդելու նպատակ է հետապնդում: Թուրքերն արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, նույն օրը, երբ Հայաստանը մշտապես հարգում է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ֆիսկը նաև նշում է, որ իմանալով նախապես, որ իր նախաձեռնությունը մերժվելու է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ Գալիպոլիի 100-ամյակին հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։

«Սա պարզապես դիվանագիտական չարաճճիություն չէ», -գրում է հեղինակը: Թուրքերը քաջտեղյակ են, որ դաշնակիցները ոտք են դրել Գալիպոլի ապրիլի 25-ին և որ Ավստրալիան ու Նոր Զելանդիան Անզաքի օրը նույնպես ոգեկոչում են ապրիլի 25-ին: Թուրքերը, բնականաբար, վախենում են, որ 1915 թվականը կհիշատակվի որպես հայերի ոչնչացման ընթացքում մարդկության դեմ իրենց երկրի սարսափելի հանցագործությունների տարեթիվ:

Ռոբերտ Ֆիսկն ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում Թուրքիայում ամեն կերպ փորձում էին հերքել Գալիպոլիի ճակատամարտին հայ զինվորների մասնակցելու փաստը, այժմ Թուրքիան փոխում է իր պատմությունը: Նա անդրադառնում է Գալիպոլիի ճակատամարտի մասնակից, Օսմանյան կայսրության զորքերի հայազգի կապիտան Սարգիս Թորոսյանին՝ հիշեցնելով, որ ժամանակին թուրքերը, չնայած առկա ապացույցներին, պաշտոնապես հերքել են զինվորի գոյության փաստը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է, որ այլ էթնիկ խմբեր, այդ թվում և արաբներ ու հայեր, նույնպես կռվել են Գալիպոլիում:

«Մենք (թուրքերը և հայերը) միասին ենք կռվել Գալիպոլիում»,- ասել է նա: «Այդ պատճառով մենք հրավեր ենք ուղարկել նաև նախագահ Սարգսյանին»: