Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածագիր Էմրե Աքյոզն անդրադարձել է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին, ամփոփել է անցյալն ու խոսել հնարավոր տարբերակների մասին: Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով.

«Այսօր ամսի 24-ն է… Ապրիլի 24-ին ընդամենը 3 ամիս է մնացել: Այժմ այդ ամսաթվի կարևորության մասին…

«Իթթիհաթ վե Թերաքքիի» («Միություն և առաջադիմություն» կուսակցություն- Tert.am) ժամանակաշրջանում հայերին այս հողերից «մաքրելու» որոշում կայացվեց:

Դրա մի մասն էլ 1915թ.-ի ապրիլի 24-ին Ստամբուլից հարյուրավոր հայ քաղաքական գործիչների, մտավորականների ու արվեստագետների բանտարկումն ու աքսորն էր:

Ապրիլի 24-ը Ցեղասպանության սկզբի օր է հիշատակվում և ոչ միայն հայերի կողմից: ԱՄՆ նախագահները, օրինակ, ամեն ապրիլի 24-ին «Հայկական հարցի վերաբերյալ» ելույթով են հանդես գալիս, սակայն Անկարային անհանգստություն չպատճառելու համար «ցեղասպանություն» եզրույթը չեն օգտագործում:

 Բարաք Օբաման, ով նախագահ դառնալուց առաջ քարոզչության ընթացքում «Հայոց ցեղասպանություն» էր ասում, նախագահ դառնալուց հետո 1915-ը բնութագրելու համար հայերի օգտագործած «Մեծ եղեռն» հոմանիշը նախընտրեց:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 41-ը ճանաչում է Ցեղասպանությունը: Աշխարհի 22 երկրների խորհրդարաններ էլ են ճանաչել Ցեղասպանությունը:

 Անկարայի կողքին կանգնող փոքրաթիվ երկրներից մեկը՝  Իսրայելն է: Իսրայելի հաստատումը հետևյալն է. «Հոլոքոստը՝ ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանությունը, աննախադեպ է և դրա նմանը չի եղել»:

Հետևաբար՝ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում՝ հրեաների ցեղասպանության առաջնայնությունը պահպանելու նպատակով: