Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումը Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մ. Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: