Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների:

Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:

Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: