«Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ասում են, ծանր է տանում, որ իր մարզի համայնքապետերը մարզխորհրդի նիստերին ներկայանում են «խլամ» ավտոմեքենաներով: Դեռ անցած տարի նա կարգադրել է մարզի համայնքապետերին հրաժարվել սովետական մաշված և անշուք ծառայողական մեքենաներից և բոլոր ղեկավարներին հորդորել է համայնքի բյուջեի տնտեսումների հաշվին գնել նոր թանկարժեք ֆիրմա մեքենաներ:

Հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, տարին տասներկու ամիս դատարկ ու խոպանչիների ամենամեծ ցուցանիշն արձանագրող մարզում դրսից աշխատած գումարներով գեղեցիկ տներ կառուցած գեղարքունիքցիների համայնքապետերը մարզի բնույթին համապատասխան մեքենաներ են ձեռք բերել և հպարտորեն դրանցով ներկայանում են մարզխորհրդի նիստերին:

Իսկ Վարսերի գյուղապետը որոշել է տարբերվել մյուսներից՝ նրա մեքենան ամենաթանկն է, որոշ լուրերով՝ մոտ 40 հազար դոլարանոց «Հոնդա» է: Չնայած գյուղապետ Զավեն Հարությունյանը երեկ մեզ փոխանցեց, թե նշված գնի ուղիղ կեսն է՝ 10 միլիոն դրամանոց մեքենա է ընդամենը ձեռք բերել: Մարզպետի կարգադրության մասին հարցին էլ ջղագրգիռ պատասխան տվեց. «Ւ՞նչ մարզպետի կարգադրություն, ուրեմն ես ուղեղ չունե՞մ:

Որ ինքն ասի՝ գնա գլուխդ պատին տուր, պիտի տամ: Ընենց էլ մի հարց եք տալիս, ես ասեցի՝ տենաս ինչ հանցագործություն եմ արել»: Հարությունյանի վրդովմունքը կրկնապատկվեց, երբ հարցրինք՝ ուրիշ խնդիր չկար իր ղեկավարած համայնքում, որ կարելի էր լուծել և ավելի էժան մեքենա ձեռք բերել:

«Աստծուն փառք, միշտ էլ համայնքում հրատապ խնդիրներ լինում են, հնարավորության սահմաններում լուծում ենք: Ինչ ա, դա թանկ ա, մինչև էդ 2002 թվականի մեքենա էի վարում, 20-21 հազարը շատ է, մի 31-ն է 18 հազար, դրանից էժան մեքենա հանրապետությունում չկա: Աստծուն փառք, մեր գյուղը հեչ էլ աղքատ չի, մենք էլ խոպանչի չունենք: էդ մեքենան էլ արդեն 13 անգամ Ղարաբաղ ա գնացել, համայնքի սալդաթներին ա տեսել: Գազն ունենք, ջուրն ունենք, ճանապարհն էլ կապում ենք մայրուղուն, ինչ է՝ մի մեքենա չէինք կարա առնեինք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։