Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Արցախ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ, նշելով, որ դա լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու համար։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։

Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։