Օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով: 

Որքանո՞վ է այս որոշումը արդարացված և ընդունելի...

Այս մաին YerevanNews.am-ը զրուցեց ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանի հետ:

- Ես արդեն մինչև այս ասել եմ, որ մեր գանձապետարանում չկան միջոցներ, կառավարությունը չի տիրապետում ֆինանսական անհրաժեշտ միջոցների և, բնականաբար, մի տեղից պետք է հայթայթեր: Այդ «մի տեղը», որպես այդպիսին համարվեց «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի արդյունքում ստացված գումարը, որը, ըստ էության, պետք է գար պետական բյուջե: Այսինքն, նորից ստացվում է, որ հասարակության, քանի որ դա պետական սեփականություն էր, փողերը պետք է գային գանձապետարան, պետական բյուջե և վերածվեին հասարակության համար ամենատարբեր տեսակի սոցիալական խնդիրների լուծման համար միջոց: Փաստորեն, մենք զրկվեցինք այդ միջոցներից էլ, հերթական անգամ տեղի ունեցավ ժողովրդի հաշվին սակագնի բարձրացում:

Պարոն Բոստանջյան, իսկ Դուք գործընթացի ընթացքից տեղյա՞կ եք:

- Չէ տեղյակ չեմ, ոչ էլ առանձնապես հուզված եմ, ոչ էլ հակված եմ տեղյակ լինելու:

Արտաբյուջետային կոչեցյալ այդ ռեժիմը ընդհանրապես հիմա կիրառում են, բայց դա բացարձակապես իրականության հետ ոչ մի աղերս չունի պայմանավորված այն հանգամանքով, որ այդուհանդերձ պտտվեցին-պտտվեցին էլի փաստորեն սակագնի փոխհատուցման համար օգտագործեցին բյուջեի փողերը: Ի՞նչ տարբերություն...դրանք չէին հասել բյուջե, մինչև հասնելը վերցրեցին:

Բոլոր դեպքերում, թափանցիկությունը, ըստ էության, բացակայում է, էլի նորից ես չեմ կարողանում վստահել այդ գումարները: Այդուհանդերձ ռացիոնալ կօգտագործե՞ն կամ ամբողջ պարտքի համար կուղղվի՞, չի ուղղվի, ո՞ր մասը կմնա, կմնա՞ մի մաս, թե՞ չի մնա, պետական բյուջեն հետք կունենա թե՞ չէ...ուզում եմ ասեմ տոտալ գոյություն ունեցող փակ ռեժիմը՝ «черный ящик» ռեժիմը, շարունակվում է մինչև հիմա: Ըստ էության հասարակությունը, քաղաքացին, կամ ընդհանրապես ծանր դրության մեջ հայտնվածները բացարձակապես տեղյակ չեն ում մեղքով է սա տեղի ունենում և ինչու է տեղի ունենում: