Այսօր ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության աշխատանքները: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:

- Ամբողջական փորձաքննությունն ավարտվել է, թե ոչ, թերևս փորձագետները կորոշեն: Համենայնդեպս, այսօր փորձագետները այցելել էին Գյումրիի ռազմաբազայում գտնվող Պերմյակովին: Մենք էլ էինք փաստաբաններով ներկա: Փորձաքննության որոշակի հատված իրականացվեց՝ ամբողջական ավարտվել է, թե՞ ոչ փորձագետները կորոշեն: Թե եզրակացությունը երբ պատրաստ կլինի մենք չենք կարող ասել. դա փորձագետների գործն է, իրենք պետք է որոշեն ավարտեցին հետազոտական մասը, թե ոչ: Պատրաստ լինելուց հետո մեզ տեղյակ կպահեն:

Դուք անձամբ տեսաք Պերմյակովին, ինչպես էր նա իրեն դրսևորում:

- Փորձաքննության մանրամասներին այս պահին չենք կարող անդրադառնալ: Գործի շահերից ելնելով ճիշտ չէ տվյալները այս պահին հրապարակելը, բայց կարող եմ ասել, որ փորձաքննության ընթացքում մենք կարողացանք նոր տեղեկություններ ստանալ գործի վերաբերյալ: Պերմյակովի վարքագիծը և ողջ այդ փորձաքննության ընթացքը մեզ համար նոր վերլուծությունների և հետագա հնարավոր գործողություններ կատարելու պայմաններ ստեղծեցին: Այսինքն, բավական արդյունավետ էր այսօր մեր ներկայությունը: