Երկու ամսից ավել է, ինչ անհետ կորած Ոսկու շուկայի աշխատակից Նելլի Հարությունյանի հարազատները նրա մասին որևէ տեղեկություն չունեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ կորել է 38-ամյա մի կին՝ Նելլի Հարությունյանը: Նա օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատանքի վայրից և չի վերադարձել: Ըստ վերջինիս կոլեգաների Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել: 

Վարկածները շատ են, բայց հստակ ոչինչ չկա։ Նելլին երկու տղա երեխա ունի։ Ըստ հարևանների մեծ տղան արդեն ուսանող է, իսկ փոքրը տասը տարեկան։

Զարմանալի է, որ երկու ամսից ավելի է անհետ կորել է կինը և որևէ հետք չի հայտնաբերվել։ 

YN.am-ի հետ զրուցում հարևաններն ասացին, որ այդ օրը սովորականից շատ է զանգել ամուսնուն, անգամ վերջին անգամ հարցրել է, թե ինչ բերի իր հետ տուն։ Իսկ ոմանք էլ հայտնեցին, որ նույն ամուսնու երեսից է փախել կինը։ 

Իսկ նրա աշխատավայրից մեզ հայտնեցին, որ ամուսինը դեռ վճարում է կնոջ սեղանիկի համար՝ հույսով սպասելով նրա վերադարձին։

Ամեն դեպքում, Աստված տա, որ շուտ գտնեն Նելլին, ում տանն սպասում են իր երկու որդիները։

Նշենք նաև, որ «Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին չի հետաքրքրում, թե ինչ է եղել իր շուկայի՝ երկու ամիս առաջ անհետացած աշխատակցի ճակատագիրը։ «Բացարձակ տեղեկության չունեմ, այ մարդ, ես պարա՞պ եմ մնացել, հազար հատ գործ անեմ իմ հարկերն եմ տալիս, բան։ Իր ամուսինը թող հետաքրքրվի։ Երևի իր տաղավարն էլ ամուսինն է աշխատացնում, տեղյակ չեմ»։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 21–ին՝ժամը 17:15-ի սահմաններում, «Ոսկու շուկա»-ի աշխատակից Նելլի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից՝ տուն գնալու, սակայն այդպես էլ տուն չէր հասել; Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն կնոջ անհետացման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցեց։ Նշված քրեական գործի նախաքննությունը մինչ օրս շարունակվում է, սակայն անհետացման պատճառները դեռևս մնում են չբացահայտված։