Թուրքիայի հայ համայնքի ոտնահարված իրավունքների խորհրդանիշը դարձած «Արմեն» որբանոց-ճամբարը վերադարձվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին։ Անհրաժեշտ թղթաբանական գործընթացներն արդեն ավարտվել են։

«Ակօս»-ն անդրադարձել է որբանոցի պատմությանը, դրա համար մղված պայքարին և կառույցի հետագա ճակատագրին։

«Արմեն» ճամբարը հայ համայնքի հիշողության ամենակարևոր կառուցներից մեկն է։ Թուրզլայում գտնվող այս հայկական մանկական ճամբարը տարիներ շարունակ հեռվից Ստամբուլ եկող շատ երեխաների համար տուն է դարձել։ Հրանտ Գյուզելյանի գլխավորությամբ ստեղծված այս ճամբարի կայացման գործում Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը, իրենց մեծ ներդրումն են ունեցել։

Մասնավորեցված ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը 2015 թվականի մայիսի 6-ին սկսել էր քանդել այն, սակայն քանդման աշխատանքները դադարեցվել էին բողոքի մեծ ալիքի պատճառով։

Դրանից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները սկսեցին բանակցել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։ Քանի դեռ այդ ընթացքը շարունակվում էր, «Նոր զարթոնք» կազմակերպությունն ու ստեղծված «Արմեն» ճամբարի դիմադրության խումբը սկսեցին հերթապահություն իրականացնել՝ հնարավոր քանդումը կանխելու համար։ 175 օր տևած այդ հերթապահության ընթացքում ակտիվիստների դեմ ուղղված 2 հարձակում տեղի ունեցավ։

«Արմեն» որբանոց-ճամբարը վերադարձնելու գործընթացի կազմակերպիչներից Հարութ Օզերն «Ակօս»-ին պատմել է, որ իրենց շատ է օգնել երիտասարդների դրական էներգիան ու նշել, որ տարածքը հետագայում կարող է օգտագործվել բացառապես որպես մանկական ճամբար։

«Երբ սկսեցինք գործընթացը, մենք պահանջում էինք, որ սա միայն որպես մանկական ճամբար օգտագործվի։ Կողմերն ընդունեցին։ Սեփականատերն այդ պայմանով նվիրաբերեց, նա դեմ էր, որ այս վայրը եկամուտ ստանալու նպատակով օգտագործվի։ Այդպես էլ լինելու է։ Եթե կարողանանք, եթե ձեռք ձեռքի տանք՝ ամառն այնտեղ երեխաներ կտանենք»,-ասել է նա։

Տպավորություններով կիսվել է նաև Հրանտ Դինքի այրին։ «Ուրախանում ենք, դա մեր իրավունքն է։ Ամուսինս 1996 թվականից դա էր ասում։ Մինչ այժմ անընդհատ դա է ասվել։ Շնորհակալ ենք բոլոր աջակցողներին, համարձակվողներին։ Դեռ բռնագրավված շատ գույք կա։ Մաղթում եմ, որ սա օրինակ լինի բոլորի համար։ Լավատես ենք։ Ցեղասպանության 100-ամյակի տարում ճամբարի վերադարձն առանձնակի նշանակություն է ունենում»,-ասել է Ռաքել Դինքը։

Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, թե այսուհետ իրենց անելիքը հստակ է։ «Նույնությամբ վերակենդանացնելու ենք։ Անհնար է, որ այս տեսքով մնա։ Այն ավերակ է դարձել։ Դրա տեղում դրվելու են հին հիշողությունները, վերականգնվելու է և դարձյալ ծառայելու է նույն նպատակին»,-ասել է նա։