Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվել է այո-ի շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի տեղակալ: Լրագրողները նախարարից հետաքրքրվել էին, թե ո՞ր արժանիքի համար են իրեն պաշտոն տվել այո-ի շտաբում:

Նա պատասխանել էր. «Բոլորին նշանակել են, ինձ առաջարկել են, որ ես էլ աշխատեմ»: Նա զարմացավ, ինչո՞ւ պիտի չլիներ շտաբում: Երբ լրագրողները հիշեցրին, որ պետական պաշտոնյա է՝ նա ասաց, որ 18.00-ից հետո իրավունք ունի զբաղվել շտաբով։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը պետք  լինի ժողովրդի մոտ ապահովություն ու պաշտպանություն ներշնչող անձ. որքանո՞վ է Արմեն Երիցյանը համապատասխանում այդ կերպարին՝ սյուբեկտիվ կարծիք է։ 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կոչումը որևէ երկրում չպետք է լինի պարզապես պաշտոն , որն իր գործունեությունն ավարտում է ժամը 18․00-ին։ Արտակարգ իրավիճակների նախարարը պետք է իրեն այդ կերպարում զգա ու ժողովրդի կողքին լինի ուղիղ 24 ժամ, այլ ոչ թե հրապարակավ հայտարարի, որ իր աշխատանքն ավարտվում է ժամը 18։00-ին և դրանից հետո, այսպես ասած՝ ինչով կուզենա կզբաղվի։

Պարոն Երիցյանին կցանկանայի հուշել, որ աղետները պարտադիր մինչև երեկոյան ժամը 18․00 չեն լինում, աղետները կարող են լինել յուրաքանչյուր ժամի ու յուրաքանչյուր վայրում։ Իսկ նախարարի այն արձագանքին, որ ինքն իրավունք ունի զբաղվել շտաբով «Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի ասել՝ այո կամ ոչ», ուզում եմ ավելացնել, որ քարոզչությամբ զբաղվելով դուք ավելի պատասխանատու եք դառնում ոչ միայն բնության կողմից առաջ եկող աղետների համար, այլ քաղաքական, որը ոչ պակաս վտանգավոր է։ 

Եվ կրկին հիշեցնեմ, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը պետք է լինի ժողովրդին պաշտպանվածության ու հույսի զգացում ներշնչող անհատ... և ամենակարևորը նա պետք է լինի կերպար, այլ ոչ պարզապես պաշտոնյա։