Հաղորդավարուհի Լիլի Ավագյանն արդեն տասը տարուց ավել է ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, բայց վերջին չորս ամիսներին Հայաստանում է: Լիլին մասնագիտությամբ լրագրող-հաղորդավարուհի է, զբաղվում է նաև պրոդյուսերական աշխատանքով և հանդիսանում է Միացյալ Նահանգներում գործող Armenian Entertainment Production-ի հիմնադիր տնօրենը:
YN.am-ը կապ հաստատեց գեղեցկուհի Լիլի Ավագյանի հետ և զրուցեց Հայաստանի, Ամերիկայում հայ մնալու կարևորության, լեզվի պահպանման և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

Օգնում է արդյո՞ք արտաքինը հաջողակ լինելուն:

Արտաքինը զուտ առաջին տպավորությունն է, բայց դրանից հետո շատ անելիքներ կան: Եթե դիմավորում են ըստ հագուստի և արտաքինի, ապա ճանապարհում են ըստ գիտելիքների և հնարավորությունների: Միայն արտաքինով հաջողության չես հասնի:

Հայրենիքի մասին խոսելիս Լիլին նշեց, որ Հայաստանն իր մոտ ակամայից ասոցացվում է նռան հետ, որը խորհդանշում է հայ ազգի միասնականությունը: Նռան գաղափարն, ըստ Լիլիի, ապահովում է ազգի առաջընթացը, և հենց դա է պատճառը, որ նուռը նաև իր կազմակերպության լոգոն է:

Արտասահմանում հայ և հայուհի մնալը դժվա՞ր է:

Չէի ասի, որ դժվար է, եթե իրականում հասկանում ես, թե ինչ է նշանակում հայ լինել, և ինչու՞ պետք է հպարտանաս քո ազգությամբ: Պարզապես հպարտանալ ազգությամբ, դա ինձ համար ծիծաղելի է: Ես հպարտ եմ, որովհետև գիտեմ, թե ովքեր են եղել իմ նախնիները, ինչ ահռելի ներդրում են ունեցել ամբողջ աշխարհի զարգացման մեջ, ինչպիսի հրաշալի մշակույթ ենք ստեղծել, ինչ օրինակելի պատմություն ենք ունեցել և այլն: Երբ այդ ամենն իմանում ես, ուզում ես հայ մնալ և ուզում ես նաև, որ հետնորդներդ էլ հայ լինեն, հասկանան դա ինչ է նշանակոմ և հպարտանան:

Հաղորդավարուհին մեծ կարևորություն տվեց նաև լեզվի պահպանմանը և համարեց, որ դա հայ մնալու առաջնային նախապայմանն է. «Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը»... Նժդեհի խոսքերն են, իսկ ըստ իս, հայ խոսքը պարտադիր պետք է հնչի մայրենիով. հարցը միայն լեզուն չէ, այլ նաև լեզվամտածողությունը:

Դուք կրթություն ստացել եք արտասահմանում, մի քանի համալսարան եք ավարտել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ո՞րն էր պատճառը, որ որոշեցիք ասպիրանտուրա ընդունվել հենց Հայաստանում:

Որովհետև դա ինձ համար Հայաստանի հետ ավելի սերտ կապեր ստեղծելու ևս մեկ միջոց է: Քանի որ ուղղությունը քաղաքականությունն է, ես ուզում եմ կենտրոնանալ միջազգային հարաբերություններ ուղղության վրա, շոշափել այնպիսի արդիական թեմաներ, որոնք կարևոր են հայ-ամերիկյան հարաբերույթունների հարցում: Ինձ թվում է, սա նույնպես հայ լինելու կարևոր գրավականներից մեկն է, որովհետև հետագայում կարող եմ ինչ-որ օգուտ տալ Հայաստանին: Հայաստանում սովորելն ինձ համար երազանքի նման մի բան էր, որն իրականացավ:

Նշենք նաև, որ ողջ զրույցի ընթացքում ամերիկաբնակ հայուհին խուսում էր միայն գեղեցիկ հայերենով՝ չօգտագործելով օտար որևէ բառ...