Կարևորն այն է, թե ինչպես են սահմանադրությունը ինտերպրետացիայի ենթարկում,- 
Yerevannews.am- ի (Երևան Նյուզ, YN.am) հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ ընդհանուր առմամբ շատ մեծ փոփոխություններ սպասել պետք չէ:

«Միակ բանը, որ տեղի կունենա, դա այն է, որ համապետական ընտրություններից մեկը չեղյալ է հայտարարվում, մնացած դեպքում ամեն ինչ նույնն է մնում. վարչապետը նախագահի կարգավիճակ կունենա. ես չեմ կարծում, որ երկրի վարչապետը թույլ մարդ պետք է լինի: Ես բացարձակ չեմ վստահում այն տեսակետին, որ տեղի կունենա իշխանությունների միջև դիվերսիֆիկացիա, այսինքն՝ մի քանի ուժեղ կենտրոններ ի հայտ կգան: Այդպիսի բան չկա, առավել ևս ՀՀ- ում, որտեղ կուսակցական շինարարությունը լիովին ավարտված չէ:

Մեզ մոտ ուժեղ գաղափարական հիմքով կուսակցություններ չկան: Իհարկե, այստեղ չի կարելի չանդրադառնալ ՀՅԴ-ին, ՀԿԿ-ին, ՌԱԿ-ին, բայց, ինչպես տեսանք, այս կուսակցությունները շատ ցածր ռեյտինգ ունեն մեր հասարակության մեջ, իսկ իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի վերաբերյալ, կարող եմ ասել, որ հասարակությունը բացարձակ ծանոթ չէ նրանց ո՛չ գաղափարախոսությանը, ո՛չ էլ ծրագրերին:
ՀՀԿ-ի պահով մի փոքր մտավորական մասսան գիտի, որ ինչ-որ նժդեհականություն է առաջ տանում, բայց թե ինչ ասել է նժդեհականություն, հաստատ համոզված եմ, որ իննսունինը տոկոսը տեղյակ չէ»:

Մեր այն հարցին, թե արդյոք, ըստ քաղաքագետի, ընդդիմությունը որպես ընդդիմություն այլևս գոյություն չունի, պրն. Համբարյանը պատասխանեց.

«Կարող է և ընդդիմությանը տան Աժ-ի փոխխոսնակի մեկ պաշտոն և նմանատիպ պաշտոններ, բայց որևէ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա նրանք երբեք չեն ունենա, քանի որ մեր սահմանադրությունում կա մի կետ, ըստ որի պետք է երկրորդ փուլ անցկացվի, եթե պարզ մեծամասնություն չկա և այդ պարզ մեծամասնությունն արդեն նշանակում է, որ այդ դեպքում իշխանության եկած քաղաքական ուժը կամ մի երկու ուժեր ամբողջությամբ իշխանությունն իրենց ձեռքը կպահեն:

Այն նույն իրավիճակն է ստեղծվելու, ինչ որ կա հիմա ՀՀ-ում. իշխանությունը լիովին գտնվում է մեկ կուսակցության ձեռքում. դա ՀՀԿ կուսակցությունն է: Եթե սահմանադրության մեջ մտցրել են այդ կետը, այլևս տարբերություն չկա՝ պառլամենտական երկիր է, թե նախագահական»:

Քաղաքագետի կարծիքով իրեն անհասկանալի էր սահմանադրական փոփոխության իմաստը, ինչպես նաև «այո»-ի կողմնակիցների ագրեսիվ քարոզարշավը, որը սկսեցին վերջիններս:

«Այդ քարոզարշավը պարզապես անտրամաբանական էր, երբ որ ցանկանում էին ՀՀ-ի բոլոր խնդիրների մեջ տեսնել գործող սահմանադրությունը: Սահմանադրություն, որը 2005թ-ին ուղղակիորեն մեր սահմանադրագետները պատճենել են Ֆրանսիայից: Ֆրանսիան նույն սահմանադրությամբ համարվում է աշխարհի ամենազարգացած յոթ երկրներից մեկը, իսկ մերոնք համարում են, որ այդ սահմանադրությունը Հայաստանին ուղղակիորեն հասցրել է այն իրավիճակին, որում գտնվում է մեր երկիրը: Սահմանադրությունն այստեղ ոչ մի մեղք չունի»:

Զրույցի վերջում քաղաքագետը, հիշելով ստալինյան սահմանադրությունը, այսպիսի հետևություն արեց.

«Աշխարհի լավագույն սահմանադրություններից մեկը ստալինյան սահմանադրությունն էր՝1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված, բայց բոլորիս էլ հայտնի է, թե Ստալինն ինչպես էր վերաբերում այդ սահմանադրությանը:
Այստեղ խնդիրը հետևյալն է, թե քաղաքական ուժերը և քաղաքական լիդերները ինչպես են ինտերպրետացիայի ենթարկում այդ սահմանադրությունը և ինչպես են կատարում սահմանադրության կետերը»: