Գեղանուշ գյուղի բնակիչները դիմում են «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և այլ ներգրավված մարմինների՝ խնդրելով լուծում տալ իրենց առողջությանն ու սոցիալական վիճակի բարելավմանը խանգարող խնդրին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։

Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլևս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է և հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել և ամայացել են. կտարտվել և վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:

Պոչամբարի վերագործարկման հետևանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին և ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն լցվելու հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում: Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում գլխավորապես առավոտյան: Պոչամբարի վերագործարկումից առաջ և հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որևէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ կան և կլինեն: Ակնհայտ է, որ պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…

Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր և մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:

Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով մեր կրած վնասները և բաց թողնված օգուտները»։