«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի’ր քո գլուխը և լվա’ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ., Զ, 16-18):

Արդեն սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն կապված է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմապահության, աղոթքի և ապաշխարության շրջանի, ինչպես նաև Ս. Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թվի հետ։ Իրականում Քառասնօրյա Պահք տևում է 47 օր, իսկ 48-րդ օրը ճրագալույց Ս. Զատիկի նավակատիքն է։ 

Մեծ Պահքի խորհուրդը բացահայտելու համար YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) զրուցեց Գեղարքունյաց թեմի Ցամաքաբերդի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանի հետ: 

Տեր Մեսրոպ, ո՞րն է Մեծ Պահքի սպառիչ ձևակերպումը և իրական խորհուրդը:

- Պահքը դա ընդհանուր հոգևոր իմաստով խորհրդանշում է մարդու երանավետ վիճակը դրախտից դեպի խաչելություն դեպի Գողգոթա: Ասել է թե դեպի փրկագործություն զղջմամբ, ինքնամաքրումի ու աղոթքի միջոցով ճանապարհորդություն առ Բարձրյալն Աստված:

Այն ամրապնդում է հավատը և մաքրում ու զորացնում է մարդու մեղուցյալ հոգին:
Ինչպես մարմնի համար հիվանդությունն է կործանարար, այնպես էլ հոգու համար մեղքը:
Պահքը Քրիստոսի Եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է:

Մարդը միշտ կարիք ունի ինքնամաքրումի, զղջման և ապաշխարության:

Հոգին մեղքի հիվանդությունից բուժվելու ու դարմանումի միակ ճանապարհը հետևաբար տեսնում ենք Պահքի միջոցով միայն:

Այսպիսով ստացվում է, որ Պահքի նպատակն է ապաշխարությունն է, զղջումը և մեղքերից հրաժարվելն է:

Պողոս Առաքյալը ասում է.

«...Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղ.,Ե.17)
այս պատգամը անշուշտ բոլոր ժամանակների սերունդներին է ուղղված:

Պետք է նշեմ, որ Քառասունօրյա պահքը ժամանակաշրջան է աղ ու հացով անցկացնելու, այսինքն ճգնելու, աղոթքի ու խոկումի ժամանակահատված է, քանզի նախկինում աղն ու հացը եղել են ճգնակյաց անապատական հայրերի հիմնական կերակուրը:

Մեծ Պահքը ունի յոթ կիրակի. Բուն Բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի կիրակի, Անիրավ դատավորի կիրակի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ:

Այս ամենին ներառյալ Պահոց շրջան է համարվում նաև Ավագ Շաբաթը, որը մեզ նախապատրաստում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը:

Ձեր կարծիքով, մեր օրերում, որքանո՞վ է պահպանվում Պահքի խորհուրդը:

- Միանշանակ պահվում է, աստիճանաբար մեծանում է մեզանում օր օրի Պահք պահողների թիվը: Հավատքով և ապաշխարությամբ:

Ըստ Ձեզ, քչանո՞ւմ է նրանց թիվը, ով Պահքին վերաբերում է որպես «դիետայի»:

- Համոզված եմ, այո, քանի որ մարդիկ արդեն ընկալում են, հոգևոր սնդի անհրաժեշտությունը իրենց կյանքում:

Պահքի շրջանում ամուսնական պարտականությունների կատարումը ևս հանդիսանո՞ւմ է մեղք:

- Անպայման, ամուսնական զույգի միջև փոխադարձ համաձայնությամբ պետք է լինի անցումը Պահքի, նաև այս առումով:

Եվ վերջում, Տեր Մեսրոպ, որևէ խորհուրդ կամ ուղերձ ունե՞ք Պահք պահող մարդկանց:

- Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը մեզ մոտեցնում է Աստծուն: Աստված պահեցողության պատվիրանը տվեց առաջին մարդուն դեռևս դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդ. Բ 16): Եվ քանի դեռ մարդն այս պատվերը պահում էր, Հրեշտակներին հավասար էր, սակայն երբ նախաստեղծները խաբվեցին սատանայից և կերան արգելված ծառից, արտաքսվեցին դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ:

Ավետարանում պատմվում է, որ Քրիստոսն իր քարոզչությունը սկսելուց առաջ քառասուն օր առանձնացավ անապատում` աղոթքով և ծոմապահությամբ կենալու համար: «Միայն հացով չէ, որ ապրում է մարդ, այլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկաս Դ4): Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետևելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև մեծ պահք:

Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Այդ օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սննդով: Սակայն պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարհության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծու: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարհության նպատակով չէ:

Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ինչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Մարդը հոգի է և մարմին, և ինչպես որ ուտելիքը մարմին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, աղոթքներ. ահա այն ամենը, որոնցով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում: