Առաջընթացը պատմական անհրաժեշտություն է: Այն մարդկության հույսն է, նրա առջև անցյալում, ներկայում և ապագայում կանգնած գլոբալ խնդիրների լուծման հիմքը: Միևնույն ժամանակ, կասկած չի հարուցում, որ չկարգավորվող առաջընթացը պոտենցիալ առումով հսկայական վտանգ է պարունակում…

… Մարդկությունն ընդհուպ մոտեցել է Երկրի բնակչության թվաքանակի կարգավորման անհրաժեշտությանը` մոլորակի սահմանափակ տնտեսական հնարավորությունների (չնայած գիտության և տեխնոլոգիայի նորանոր նվաճումներին) համապատասխան: Խոր և համակողմանի կարգավորումը պահանջում է զարգացման, արտադրության և պահանջարկի բանիմաց ինքնասահմանափակում բոլոր մակարդակներում, և դրա համար էլ այն իրական կդառնա միայն աշխարհի սոցիալ-քաղաքական կազմակերպման այն թերությունները վերացնելով, որոնց մասին ես գրել եմ, հատկապես` կապված աշխարհը սոցիալիստականի, կապիտալիստականի և զարգացող ենթահամակարգի բաժանման հետ: Ըստ էության` բնությանը և մարդկությանը սպառնացող երկու հիմնական վտանգների` ջերմամիջուկային և էկոլոգիական ինքնասպանության լրիվ վերացման խնդիրները մեզ բերում են միևնույն լուծմանը` կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի մերձեցմանը (կոնվերգենցիային): Դրանով իսկ, ոչ միայն ռազմական և աշխարհաքաղաքական, այլև տնտեսական ու գաղափարախոսական դիմակայության ու մրցակցության բացակայության պարագայում է հնարավոր էկոլոգիական անվտանգության համընդհանուր ծրագրի մշակումը:

…Որպես մասնագետ` կուզեի դիտարկել մի ավելի մասնավոր, բայց չափազանց կարևոր հարց` միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Ես համոզված եմ, որ մարդկությունը չի կարող յոլա գնալ առանց միջուկային էներգետիկայի: Հետագա առաջընթացը և հատկապես կենսամակարդակի բարձրացման խնդիրներն ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կպահանջեն էներգիայի գլոբալ արտադրության ավելացում, չնայած էներգախնայողական տեխնոլոգիաների միաժամանակյա զարգացմանը: Անխուսափելիորեն կբարձրանա վառելիքի և այլ էներգառեսուրսների սպառման հարցը: Ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) և ատոմայի ջերմացենտրալների (ԱՋՑ) առկայությունն էներգիայի այլ աղբյուրների հետ միասին չափազանց կարևոր են տնտեսական և էկոլոգիական առումներով: Սակայն անհրաժեշտ է ապահովել միջուկային էներգետիկայի անվտանգությունը: Չի կարելի թույլ տալ, որ կրկնվեն այնպիսի աղետներ, ինչպես տեղի ունեցավ Չեռնոբիլում:

… Ես կարծում եմ, որ միջուկային էներգետիկայի անվտանգության խնդրի արմատական լուծում կարող է լինել միջուկային ռեակտորների տեղակայումը գետնի տակ, մի քանի տասնյակ մետր խորության վրա: Խորությունը պետք է ընտրվի այնպես, որ հնարավոր վթարի դեպքում բացառվի ռադիոակտիվ նյութերի որևէ էական արտամղում երկրի մակերևույթ: Իհարկե, անհրաժեշտ է բացառել նաև վթարի դեպքում ընդերքային ջրերի հետ ռադիոակտիվ նյութերի շփման հնարավորությունը` հատուկ մեկուսացնող ընդկալների օգնությամբ:

… Միջուկային էներգետիկայի անվտանգությունը չի կարող համարվել որևէ երկրի ներքին գործը, ինչպես դա ցույց տվեցին Չեռնոբիլի վթարի հետևանքները: Ես կարծում եմ, որ պետք է ընդունվի միջազգային օրենք, որով արգելվի միջուկային ռեակտորների վերգետնյա տեղակայումը և փուլային աստիճանական կանգ նախատեսի վաղօրոք կառուցված բոլոր այն ռեակտորների համար, որոնք չեն բավարարում անվտանգության պահանջներին:

Անդրեյ Սախարով

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը